- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՓՈՔՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Ապրիլ 03, 2019 | 16:25
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՓՈՔՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին։
Հանդիպման սկզբում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը։
«Մեր ֆակուլտետի կայունությունն ապահովում են նրա 4 սյուները՝ Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման, Կառավարման և գործարարության ու Ֆինանսահաշվային ամբիոնները»,-ասաց պարոն Սարգսյանը։
Նա խոսեց նաև ֆակուլտետի կողմից հյուրընկալած բարձրաստիճան անձանց ու հեղինակավոր ընկերությունների հետ ուսանողների համար կազմակերպվող հանդիպումների մասին, որոնք միտված են ընդլայնելու սովորողների հնարավորությունները:
Այսօր տեղի ունեցավ նման հանդիպում, այս անգամ «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։
Տնտեսական ոլորտի ուսումնասիրություններ, վերլուծություններ, մասնագիտական քննարկումներ և նախաձեռնություններ իրականացնող ՀԿ-ի տնօրեն Մարինե Առաքելյանը ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար։ Նա ներկայացրեց իրենց հասարակական կազմակերպության գործունեությունը, ուղղություններն ու հիմնական նպատակը։
Տիկին Առաքելյանը պատմեց փոքր հետազոտությունների դրամաշնորհների մրցույթի երկրորդ շրջանի անցկացման կարգի մասին, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
«Թեև միանվագ դրամաշնորհները տրամադրվում են որոշակի ուսումնասիրական, վերլուծական աշխատանքի համար, սակայն մեր երկարաժամկետ նպատակը տնտեսագետների կադրային բազա ձևավորելն է»,-իր ելույթը եզրափակեց «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրենը։
Այնուհետև ՀԿ-ի ներկայացուցիչները պատասխանեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին։
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի այն հարցերին, թե քանի տարվա գործունեություն ունի կազմակերպությունը, ով է հիմնադիրն ու որտեղից է ֆինանսավորում ստանում, Մարինե Առաքելյանը պատասխանեց. «Մենք նորաստեղծ հասարակական կազմակերպություն ենք, հիմնվել ենք անցած տարվա դեկտեմբերին, սակայն վստահեցնում եմ, որ մեր ջանքերի շնորհիվ՝ ընդլայնվելու ենք և ունենալու ենք մեր ուրույն դերը։ Հասարակական կազմակերպության հիմնադիրը Հովհաննես Նավասարդյանն է, իսկ այն ֆինանսավորվում է տնտեսությունը զարգացնելու գաղափարով զինված անձանց նվիրատվություններից։
Այս և մի շարք ուրիշ հարցերի պատասխանները ստանալուց հետո Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները շնորհակալություն հայտնեցին հանդիպման կազմակերպիչներին և «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին։
Մարինա Առաքելյան