- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Փետրվար 20, 2019 | 17:11
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր «ME&A Inc.» ընկերության հետ համագործակցության շրջանակում ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի մանրամասները։
Հանդիպման սկզբում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ողջունեց ներկաներին ու ասաց, որ փորձում են հնարավորինս աջակցել ուսանողներին կարիերայի զարգացման գործում։
«Ուսանողներին այդ հարցում օգնելու համար մեր գործընկերները մեզ մշտապես աջակցում են։ Այսօրվա հանդիպումը բավականին հետաքրքիր է լինելու։ Ես կոչ եմ անում մասնակցել նմանօրինակ ծրագրերի և մշտապես ակտիվ լինել հանդիպումների ժամանակ, որովհետև այսօրինակ հանդիպումները ձեր կարիերայի խթանման լավագույն գրավականն են, քանի որ դուք դեմառդեմ առնչվում եք ոլորտի գիտակների հետ, լսում եք խորհուրդներ, որոնք նպաստելու են լավ մասնագետ դառնալուն»,- ասաց նա։
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանը ողջունեց բոլորին, ներկայացրեց ծրագրի նպատակը։
Նա ասաց, որ ԳԱՏՕ հնգամյա ծրագիր նպատակն է աջակցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ գիտական, նորարարական մոտեցումների կիրառման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով։
Նշենք, որ ծրագիր ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), որը արդեն 20 տարի առաջացում է ՀՀ կառավարությանը ջրային ռեսուրսների կառավարման հարցում։
Լիլիթ Հարությունյանը կարճ ներկայացրեց իրենց ծրագրի նպատակը՝ նշելով, որ այս պահին իրենց թիմը զբաղվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներով։
«Մեր ծրագիրը միտված է Արարատյան մարզում ստորերկրյա ջրերի շահագործման ուսումնասիրությանն ու հետազոտությանը։ Մենք պետք է աջակցենք կառավարությանը, որպեսզի նրանք գիտահեն տվյալների վրա կարողանան սահմանել իրենց ռազմավարությունը՝ հետագայում ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու համար։ Սա բավականին լուրջ խնդիր է, քանի որ ստորերկրյա ջրերի գերշահագործման հետևանքով կպակասի թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը»,- ասաց նա։
ԳԱՏՕ ծրագիրի ջրային ռեսուրսների կառավարման մասնագետը ցավով հայտնեց, որ թեև կառավարության կողմից այս ոլորտում մշտապես մասնագետի պահանջարկ կա, սակայն դրանք չեն համալրվում։ Նա ասաց, որ ուրախ կլիներ ցանկացողներին ներգրավել իրենց աշխատանքներում։
«Բազմաթիվ ծրագրեր են լինում, այդ թվում՝ միջազգային, երբ լավ մասնագետների կարիք ենք ունենում։ Մենք շատ ենք ուզում, որ ոլորտը համալրվի նաև երիտասարդներով, դրա համար պատրաստ ենք հենց ԳԱՏՕ ծրագրի շրջանակում ներգրավելու տվյալների հետ աշխատող 2-3 պրակտիկանտ»,- հավելեց Լիլիթ Հարությունյանը։
ԳԱՏՕ ծրագրի տվյալների կառավարման մասնագետ Արամ Գևորգյանը և հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը խոսեցին ծրագրի գործնական կողմի մասին: Նրանք ներկաներին բացատրեցին իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները։
Ուսանողները տեղեկացան ԳԱՏՕ ծրագրին դիմելու ընթացակարգին և իմացան, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ աշխատակից դառնալու համար։
Մարինա Առաքելյան