- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԵՄ ՀԱՍՑՐԵԼ ՏԱՔՍԻՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼ».ՍԱՄԻ ՆԱՍԵՐԻ
Փետրվար 25, 2019 | 17:05
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԵՄ ՀԱՍՑՐԵԼ ՏԱՔՍԻՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼ».ՍԱՄԻ ՆԱՍԵՐԻ
ԵՊՀ-ն այսօր հյուրնկալել էր «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Սամի Նասերիին, որը Հայաստան է ժամանել փետրվարի 24-ին՝ «MIX FIGHT40» մրցաշարին ներկա գտնվելու համար։
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ համագործակցելով «Smile Studio»-ի և Հայաստանում գործող «Promote» ընկերության հետ, որին ներկա էին Սամի Նասերին, դերասանի եղբայրը՝ սցենարիստ, դերասան Բիբի Նասերին և Լուիզա Ավթանդիլյանը:
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու համաշխարհային աստղին:
Սամի Նասերին ներկաներին պատմեց իր մանկության մասին, որն անցկացրել է հայկական թաղամասում:
«Բնականաբար ես ունեմ շատ հայ ընկերներ թե՛ Փարիզում, թե՛ Մոսկվայում, և բացի դրանից՝ շատ եմ սիրում շանսոն ու Ազնավուրին, որին մանկուց եմ ծանոթ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում հնարավորություն կունենամ այցելելու նաև Ազնավուրի թանգարան»:
Դերասանը, պատասխանելով հայկական խոհանոցի մասին տրված հարցին, պատասխանեց այնպես, ինչպես կպատասխաներ իսկական ֆրանսիացին, որ այն, իհարկե, լավն է, բայց ֆրանսիականին չի հասնի, հետո ավելացրեց՝ կատակում է:
Ուսանողների հարցերի մեծ մասը վերաբերում էր «Տաքսի» ֆիլմաշարին, որն էլ Սամի Նասերիին համաշխարհային փառք բերեց:
«Իհարկե, «Տաքսի» ֆիլմի շնորհիվ ես համաշխարհային փառք ձեռք բերեցի, թեպետ մինչ այդ արդեն հասցրել էի բազմաթիվ ֆիլմերում նկարահանվել: Պետք է ասեմ, որ ֆիլմաշարի շարունակությանը չեմ մասնակցել, որովհետև փոխվել էր անձնակազմը»:
Դերասանը խոսեց նաև փառքի մասին՝ նշելով որ համաշխարհային ճանաչում ձեռք բերելու ժամանակ գլուխը կորցնելը շատ հեշտ է:
«Այդ պահին առանձնահատուկ կարևոր է, որ Ձեզ շրջապատեն բարի ու անկեղծ մարդիկ, որոնք իրենց աջակցությամբ կօգնեն հաղթահարել խնդիրները»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մեքենան իր հայտնի հերոսի նման է վարում՝ Սամի Նասերին պատասխանեց, որ ֆիլմի նկարահանման ամբողջ ընթացքում Ղեժուլյեն կասկադյորների ընտանիքն իրենց ուղեկցել է, որի համար կինոն իրականությանը այդքան մոտ էր:
Դերասանն ավելացրեց նաև, որ Հայաստանում դեռևս չի հասցրել տաքսիներից օգտվել:
Անի Պողոսյան