- Գլխավոր
- Նորություններ
- ԳՐԵԼ, ԸՆԹԵՐՑԵԼ ՈՒ ԷԼԻ ԳՐԵԼ. ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 07, 2019 | 15:47
ԳՐԵԼ, ԸՆԹԵՐՑԵԼ ՈՒ ԷԼԻ ԳՐԵԼ. ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում Հանրային հեռուստատեսության պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի և հաղորդավարուհի, հեռուստամեկնաբան Մերի Ներսիսյանի հետ:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ն:
Հանդիպման ընթացքում հաղորդավարուհի, հեռուստամեկնաբան Մերի Ներսիսյանը պատմեց հաղորդավարուհու կարիերայի, լրագրության և լրատվադաշտում հայտնվելու մասին:
«Պետք է նշեմ, որ այս ոլորտի մասին ամենահայտնի կարծրատիպն այն է, որ առանց ծանոթի հնարավոր չէ հաջողության հասնել, մինչդեռ իրականում հաջողություն ունենալու համար կարևոր են ոչ թե ծանոթները, այլ մարդկային որակներն ու մասնագիտական հմտությունները»,- ասաց Մերի Ներսիսյանը:
Հաղորդավարուհու խոսքով, մարդկային հատկանիշները, լավ փոխհարաբերությունները կարող են օգնել հետագայում հեռուստատեսային նախագծերին մասնակցություն ունենալու հարցում:
«Իհարկե լավ մարդ լինելուց զատ՝ հեռուստատեսության համար կարևոր է ևս մեկ հատկանիշ. հաղորդավարը պետք է գրել կարողանա: Լավ գրելու հմտությունը հեռուստատեսությունում աշխատանք ունենալու համար թերևս ամենակարևոր պահանջներից է»,- նշեց Մերի Ներսիսյանը:
Ըստ նրա՝ ինչքան շատ է լրագրողը կարդում, այնքան հղկվում է ձեռագիրը, և նա կարողանում է տվյալ թեմային վերաբերող ինչպես տեքստեր գրել, այնպես էլ հետաքրքիր և տարբերվող ռեպորտաժներ պատրաստել:
Ներկայացնելով հեռուստամեկնաբանի աշխատանքը՝ Մերի Ներսիսյանն ասաց, որ այն բավականին բարդ, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ գրավիչ աշխատանք է. «Անխոս, ուղիղ եթերը լի է անակնկալներով: Հեռուստամեկնաբանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ամեն տեսակ զարգացմանը և կարողանա սառնասրտորեն կատարել իր աշխատանքը»:
Հանդիպման ընթացքում հաղորդավարուհին անդրադարձավ նաև ուղիղ եթերի առանձնահատկություններին, հեռուստատեսային հագուկապին և սոցցանցերին:
«Գաղտնիք չէ, որ այսօր սոցցանցերը մեր առօրյայի անբաժան մասն են կազմում, և մեզնից յուրաքանչյուրը կարող է «newsmaker» դառնալ: Մեր խնդիրն է լինել հետաքրքիր ու տարբերվել մյուսներից, իսկ դրա համար, ինչպես սկզբում նշեցի, պետք է շատ կարդալ և թեման լավ պատկերացնել»,- հավելեց նա:
Վերջում Մերի Ներսիսյանն ապագա լրագրողներին, մեկնաբաններին և հաղորդավարներին խորհուրդ տվեց նախաձեռնող լինել ու ակտիվորեն մասնակցել հեռուստատեսային տաբեր պրակտիկաների:
Անի Պողոսյան