- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԻՆ
Ապրիլ 16, 2019 | 17:40
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին և Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Քրեական արդարադատության գրասենյակի գլխավոր տնօրեն Դոնատելլա Դոնստին, դատավորներ Ֆրանչեսկա Ձագորեոն և Անտոնիո Պաստորեն: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, ֆակուլտետի շրջանավարտ, պետական քննական հանձնաժողովի անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը փաստեց, որ պատվիրակության այցը ֆակուլտետ կազմակերպվել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որը միտված է Հայաստանի դատական համակարգին օժանդակություն ցուցաբերելուն. «Պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով»:
«Ֆակուլտետ այցը ծրագրված էր՝ստուգելու կադրերի պատրաստման և հետագայում նրանց վերապատրաստման ծրագրերում ներգրավվելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկելու համագործակցության եզրերը»,- մեզ հետ զրույցում ասաց ֆակուլտետի դեկանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բուհերում տեսական գիտելիքներին զուգահեռ՝ դրանց կիրառման գործնական հմտությունների փոխանցման և ուսուցման կարևորությունը: Գագիկ Ղազինյանը պատվիրակության ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ֆակուլտետի դասախոսական կազմում ընդգրկված են պրակտիկ իրավաբաններ, որոնք նաև գործնական գիտելիքներ են փոխանցում ուսանողներին, իսկ պրոֆեսորական կազմի ներկայացուցիչներն էլ ընդգրկված են իրավաբաններին (դատավորներ, դատախազներ) վերապատրաստելու աշխատանքներում:
«Ուրախ եմ, որ համակարծիք ենք այն հարցում, թե յուրաքանչյուր գործող իրավաբանի արդյունավետ գործունեության հիմքը դրվում է կրթական օջախում: Ինչքան լավ կադրեր մենք կարողանանք պատրաստել, հետագայում ավելի զարգացած և արդյունավետ ոլորտ կունենանք»,- փաստեց ֆակուլտետի դեկանը:
Վահե Հովհաննիսյանը, նույնպես կարևորելով գործնական գիտելիքների անհրաժեշտությունը, տեղեկացրեց, որ այս տարվա հունվարի մեկից Հայաստանում սկսել է գործել սնանկության դատարանը, և որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում նախաձեռնվել են և այժմ իրականացվում են բազմաթիվ փոփոխություններ, սակայն կադրերի պատրաստման հարցը թերի է:
«Առարկայական ծրագրերը կազմելիս բակալավրիատի բազային գիտելիքների կրթության շրջանակում սնանկության վարույթը ներառված չէ: Այսինքն՝ մենք թողարկում ենք իրավաբաններ՝ առանց սնանկության ոլորտի մասին բազային գիտելիքների իմացության: Հետաքրքրվողները կարող են մագիստրատուրայում ձեռքբերել գիտելիքներ, բայց այդ դեպքում էլ առարկան դասավանդվում է բացառապես «Գործարարական իրավունք» կրթական ծրագրով սովորող ուսանողների համար: Բացի դրանից՝ կրթական ծրագրերում գիտելիքները համակարգելու խնդիր կա»,- պարզաբանեց Վահե Հովհաննիսյանը:
Նա փաստեց, որ այժմ նպատակ ունեն սնանկության վարույթը ներառել դասավանդվող հիմնական առարկաների ցանկում, կազմել առարկայական ծրագիր, ստեղծել դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութեր և պատրաստել համապատասխան կադրեր: Վահե Հովհաննիսյանն առաջարկեց հետագա համագործակցության շրջանակում այս թեմայով կազմակերպել ուսանողների և դասախոսների վերապատրաստման ծրագրեր:
Գագիկ Ղազինյանն էլ նշեց, որ նման համագործակցության նախադեպ կա՝ կապված վարչական դատավարության հետ. «Մեր գործընկեր «GIZ»-ի միջոցով համագործակցում ենք գերմանական համապատասխան մասնագիտական կառույցների հետ: Այն ենթադրում է փորձագետների միջոցով ուսումնական առարկայական ծրագրերի, նյութերի պատրաստում, դրանց հիման վրա՝ դասախոսների վերապատրաստում, ապա մեր ուսումնական ծրագրում առարկայի ներդրում»:
Աննա Մարգարյանն էլ իտալացի գործընկերներից հետաքրքրվեց, թե արդյոք Իտալիայում կանոնակարգվում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և ստանալով դրական պատասխան՝ հույս հայտնեց, որ առաջիկայում կստանան նրանց աջակցությունը և օժանդակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել իրավաբանական անձանց:
Հանդիպման ավարտին Իտալիայի արդարադատության նախարարության պատվիրակության անդամները դեսպանի հետ միասին շրջայց կատարեցին ֆակուլտետում:
Քնար Միսակյան