- Գլխավոր
- Նորություններ
- «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
Նոյեմբեր 09, 2022 | 13:21
Կրթություն
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները և շրջանավարտները մասնակցեցին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի Թագորի կենտրոնի՝ հոկտեմբերի 1-2-ին և 8-9-ին կազմակերպած Մեթոդաբանական դպրոցի հերթական դասընթացին:
Մեթոդաբանական դպրոցի հիմնական նպատակն է հայաստանյան մագիստրոսներին և ասպիրանտներին զինել հետազոտություններ կատարելու հմտություններով: Մի խումբ մասնագետներ, որոնք մասնակցել են ՀԿՀ մեթոդաբանության մասնագետի կազմակերպած դասընթացին, ստացած գիտելիքները փոխանցել են ուսանողներին:
Այս դպրոցը առանձնահատուկ էր նրանով, որ հիմնական մեթոդաբանական թեմաներից զատ՝ ուներ ցեղասպանագիտական թեմայի ուղղվածություն. ներառված էին ցեղասպանագիտության մեթոդաբանությանը նվիրված դասախոսություններ:
Ցեղասպանագիտական թեման դասընթացում ընդգրկվել էր «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի նախաձեռնությամբ: Նա հրավիրել էր ծրագրի տարբեր տարիների ուսանողներին մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով:
Ս. Մանուկյանը սեմինարների ժամանակ ներկայացրել է ցեղասպանագիտության ժամանակակից ուղղությունները և թեմաները, որոնք ուսումնասիրվում են աշխարհի տարբեր ցեղասպանագիտական ամբիոններում և որոնք պետք է լինեն նաև հայ ցեղասպանագետների ուշադրության կենտրոնում:
Ծրագրի նախկին շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Սուքիասյանը, որը վերջերս Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում էր իբրև «Ֆուլբրայթ» ծրագրի հրավիրյալ հետազոտող, ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայկական և օտար սկզբնաղբյուրներից տեղեկություններ, արխիվային և հրատարակված նյութեր, բանավոր պատմություններ:
ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը խոսել է այն խնդիրների մասին, որոնց բախվում են ոլորտի, հատկապես համեմատական ցեղասպանագիտության մասնագետները, իսկ Ամստերդամի համալսարանից Այշենուր Կորքմազը ներկայացրել է վերապրողների հուշերի հետ աշխատելու առանձնահատկությունները:
Ծրագրի մասնակից, ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, ասպիրանտ Ռուզաննա Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնակցությունը Մեթոդաբանական դպրոցի դասընթացին մեծապես օգնել է ատենախոսության մեջ նոր մոտեցումների կիրառմանը և նպաստել իր՝ որպես կրտսեր գիտաշխատողի որակյալ հետազոտական գործունեության ծավալմանը ՀՀԻ-ում։ Նա առանձնացրեց այն հմտությունները, որոնք նպաստում են արդյունավետ հետազոտություններ կատարելուն։
Սուրեն Մանուկյանի խոսքով՝ ծրագիրը հոյակապ հնարավորություն էր ոչ միայն սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու, այլև քննարկելու հետազոտական այն ծրագրերը, որոնց շուրջ աշխատում են երիտասարդ ցեղասպանագետները՝ դրանք առավել արհեստավարժ, խորքային, արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու:
Մյուս կարևոր խնդիրը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների ցանցի ստեղծումն է, որի միջոցով երիտասարդ գիտնականները, միմյանց ճանաչելով, հնարավորություն կունենան իրագործելու համատեղ ծրագրեր և օգնելու Հայաստանում այս գիտաճյուղի զարգացմանը։