- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սեպտեմբեր 23, 2022 | 20:31
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
Ծրագրի նպատակներն էին ուսանողների և աշակերտների համար մանրէաբանությունը համակողմանի ուսումնասիրելու հնարավորություն ստեղծելը, մանրէների դրական հատկություններին և առօրյա կյանքում ու արտադրության մեջ դրանց հնարավոր կիրառություններին ծանոթացնելը, ինչպես նաև բիզնես մտածողություն, թիմում աշխատելու հմտություններ սովորեցնելը։
Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ, ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Պետրոսյանը, մեզ հետ զրույցում խոսելով ծրագրի ձևաչափից, ասաց, որ 33 մասնակիցների համար կազմվել էր սեմինար-քննարկումներով և գիտափորձերով հագեցած ծրագիր: Նա հատկապես կարևորեց այն, որ մասնակիցները ծրագրի շրջանակում այցելել են արտադրական գործարաններ, ինչպես նաև շփվել ոլորտի հմուտ մասնագետների հետ՝ խորացնելով տեսական և պրակտիկ գիտելիքները։
«Այս ծրագրի շնորհիվ ընդգծվում է մանրէաբանների մեծ դերն աշխարհում, ուստի այս առումով ծրագիրը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»,- նշեց Հ. Պետրոսյանը։
Ժյուրիի կազմում էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը, կ.գ.թ, ասիստենտ Հեղինե Գևորգյանը, «Impact Hub Yerevan» հետազոտական ծրագրի ղեկավար Անաշե Հաղվերդյանը, «Start-Up» դպրոցի կրթական ծրագրերի ղեկավար Արտակ Խաչատրյանը:
Ծրագրի բանախոս, ժյուրիի անդամ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանի խոսքով՝ թիմերի ներկայացրած գաղափարները համապատասխանում էին ժամանակակից աշխարհի հրամայականին և լինելով իրատեսական՝ կարող են կյանքի կոչվել:
«Դասախոսությունները հիմնականում վերաբերում էին առողջությունը բարելավող նոր սննդամթերքի պատրաստման գաղափարներին, գլոբալ տաքացմանը և քաղցկեղի բուժմանն ուղղված նոր քայլերին»,- ընդգծեց Ա․ Փոլադյանը:
Վանաձորի «Էվրիկա» դպրոցի աշակերտ, «CasBac» հաղթող թիմի մասնակից Մարիամ Յարիբեկյանը, պատմելով թիմի առաջարկած գաղափարի մասին, նշեց. «Նպատակ ունենք ստեղծելու աղեստամոքսային հիվանդությունները կանխարգելող, իմունիտետը բարձրացնող կաթնաշոռային պանրիկներ, որոնք պետք է հագեցած լինեն բիֆիդոբակտերիաներով: Կաթնաշոռային պանրիկները կունենան մրգային համեր»։
Շարունակելով դասընկերուհու խոսքը՝ նույն թիմի անդամ Գայանե Ղազարյանը նշեց, որ գաղափարն առաջացել է՝ աղեստամոքսային թունավորումների թվի աճով պայմանավորված: «Նախորդ տարիների համեմատ՝ աղեստամոքսային հիվանդություններով տառապողները շատացել են: Լսելով այս միջոցառման մասին՝ որոշեցինք մեր գաղափարը ներկայացնել գիտական հանրույթին և ոլորտի առաջատարներից լսել մասնագիտական կարծիքներ ու խորհուրդներ»,- ասաց Գ. Ղազարյանը:
Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ, հաղթող թիմի անդամ Մանվել Հարությունյանն ասաց, որ ծրագիրը նպաստել է նոր գիտելիքներ ստանալուն: Մանրամասնելով իրենց գաղափարի հիման վրա ստեղծվող արտադրանքի նկարագրությունը՝ նա նշեց. «Ուսումնասիրություների վերջում՝ հաշվարկներից հետո, պարզվել է պանրիկի ընդհանուր կշիռը. այն լինելու է մոտավորապես 300-350 գրամ»:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Լակտոբացիլներ» թիմը մրցույթին ներկայացրել էր քաղցկեղածին բջիջների դեմ պայքարի միջոց՝ լիստերիա բակտերիայով: Թիմի անդամ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Տաթև Գևորգյանը, խոսելով ծրագրի ընձեռած տպավորություններից և իր մասնակցությունից, ասաց. «Այս մրցույթի շնորհիվ ծանոթացանք հմուտ մասնագետների հետ, լսեցինք նրանց դասախոսությունները, այցելեցինք լաբորատորիաներ, կատարեցինք հետազոտություններ, ապա, լինելով տարբեր արտադրական գործարաններում՝ էլ ավելի ամրապնդեցինք մեր գիտելիքները»: Խոսելով հաղթանակից՝ թիմի անդամները նշեցին, որ այն սպասված էր:
«Մասնակցությունը կարևոր է, իսկ հաղթանակը՝ հաճելի»,- ժպիտով ասաց Տաթևը:
Նշենք, որ մրցանակաբաշխության շրջանակում թիմերի մասնակիցներն այցելել են նաև ԵՊՀ պատմության թանգարան։
Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում Ամերիկյան մանրէաբանական ընկերության ֆինանսավորմամբ՝ հայաստանյան դեսպան, կ.գ.դ, պրոֆ. Կարեն Թռչունյանի նախաձեռնությամբ։