- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ». ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիս 03, 2019 | 15:12
Հասարակություն
«ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ». ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը հուլիսի 18-20-ը կազմակերպում է «Միգրացիա և զարգացում» խորագրով ամառային դպրոցը:
Միգրացիայի ոլորտում ուսումնական պլանի մշակման, ԵՊՀ ուսանողներին և դասախոսական կազմին նոր գիտելիքների տրամադրման, ինչպես նաև միգրացիոն թեմաների և նոր ուսումնական պլանի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված ամառային դպրոցն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման ուղղությամբ աջակցություն» ծրագրի շրջանակում:
Այն ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիայի և զարգացման ոլորտում համագործակցության համար գոյություն ունեցող շրջանակները և գործնական քայլերը, զարգացող պետություններում միգրացիայի տնտեսական դրդապատճառները և հետևանքները. միգրացիա, զարգացում և դրամական փոխանցումներ, միգրանտների վերադարձը և վերաինտեգրումը հայրենիքում, ինչպես է մամուլը ձևավորում միգրացիայի նկատմամբ հանրային կարծիքը, ովքեր և ինչպես են ձևավորում միգրացիոն գործընթացները, զարգացման արդյունքների գնահատումը և այլն:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար վերջերս մշակվել է ուսումնական պլան, իսկ ներկայումս աշխատանքներ են իրականացվում Ժուռնալիստիկայի, Իրավագիտության, ինչպես նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների համար ուսումնական պլանների մշակման ուղղությամբ:
Դասախոսությունների բանախոսները լինելու են հայաստանյան և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների առաջատար փորձագետներ: Դասախոսություններով հանդես կգան մասնավորապես ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ԵՊՀ և Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գագիկ Եգանյանը, Բուդապեշտի Կորվինուս համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտի դոցենտ Աթիլա Մելեխը, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի սոցիալական գիտությունների գիտական կենտրոնի գիտնական Մարգիտ Ֆեյշմիդտը, «Մեդիա առանց սահմանների» կազմակերպության տնօրեն, մեդիայի և հաղորդակցման հարցերով փորձագետ Մագդա Աբու-Ֆադիլը, միգրացիայի և սփյուռքի հարցերով փորձագետ Վիկտոր Լուտենկոն և տնտեսագետ, կայուն զարգացման գծով փորձագետ Պարույր Աբրահամյանը:
Դպրոցին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողները, ինչպես նաև միգրացիոն խնդիրներով հետաքրքրված դասախոսները: Մասնակիցների թիվը սահմանափակ է, կընտրվեն առավելագույնը 25 մասնակից:
Մասնակիցները պետք է ներկայումս լինեն ուսանողներ կամ ընդգրկված լինեն գիտական աշխատանքներում, և/կամ ունենան մասնագիտական փորձ միգրացիայի կամ միգրացիոն խնդիրներին առնչվող ոլորտներում: Ամառային դպրոցի ծրագրի ուսումնական մասի ամբողջ ընթացքին մասնակցությունը պարտադիր է՝ առանց որևէ բացառությունների:
Ամառային դպրոցը տեղի է ունենալու հուլիսի 18-20-ին «Արթուրս Աղվերան ռեզորթ» հանգստյան տանը: Այն անվճար է մասնակիցների համար։ Բոլոր ծախսերը վճարվելու են Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի կողմից:
Ամառային դպրոցի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը: Դիտարկվելու են միայն լիարժեք լրացված հայտերը, որտեղ նշված կլինեն մասնակցի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցին մասնակցելու նպատակների մասին հակիրճ նկարագրությունը: Հայտի ձևը կարող եք ներբեռնել http://www.mibma.eu կայքից և լրացված հայտերն ուղարկել mibma@icmpd.org կամ inna.galoyan@icmpd.org էլեկտրոնային հասցեներով:
Պատրաստեց Քնար Միսակյանը