- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԴԱՏԱԽԱՂԵՐ
Ապրիլ 26, 2019 | 16:57
Կրթություն
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԴԱՏԱԽԱՂԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի առաջին և երկրորդ հոսքերի ուսանողների մասնակցությամբ այսօր տեղի ունեցան ուսումնական դատական խաղեր:
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի աջակցությամբ կազմակերպված դատախաղերի նպատակն էր հնարավորություն ընձեռել ուսանողներին տեսական գիտելիքները կիրառելու գործնականում և առավել մանրամասն ծանոթացնելու քրեական դատավարության սուբյեկտների լիազորություններին:
Մեզ հետ զրույցում Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանն ասաց, որ դատական նիստերի կազմակերպումն ուսումնական գործընթացի անբաժան մասն է կազմում. «Բացի տեսական գիտելիքներից՝ ուսանողներին անհրաժեշտ են նաև գործնական հմտություններ, որոնց ձեռքբերման լավագույն միջոցներից են հենց դատախաղերը»:
Ամբիոնի վարիչի հավաստմամբ, դատախաղերին ընդառաջ՝ բավական մեծ աշխատանք է իրականացվում. «Ամբիոնի դասախոսների հետ մշակվում է սցենարը, կատարվում է դերերի բաշխում և որոշակի նախապատրաստական աշխատանք ուսանողների հետ»:
Դատախաղերը ոչ միայն դատական նիստին մասնակցող ուսանողների համար է օգտակար, այլև ամբողջ կուրսի. «Ներկա բոլոր ուսանողները նույնպես ակտիվ մասնակցություն են ունենում: Յուրաքանչյուրը գալիս է որոշակի եզրահանգումների, իսկ դատախաղից հետո էլ դասախոսների մասնակցությամբ տեղի է ունենում արդյունքների ամփոփում, որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց նկատառումներն ու դիտողությունները»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:
Արդյունքների քննարկման ժամանակ, նրա փոխանցմամբ, կրկնակի ուշադրության են արժանացնում օրենսդրության վերլուծությանը, փորձում են հասկանալ, թե յուրաքանչյուր կողմ որքանով է փաստարկված ներկայացրել իր դիրքորոշումը, պահպանվել են արդյոք դատավարական ձևի կանոնները և նման այլ հարցեր:
Սամվել Դիլբանդյանը նշեց, որ գործնական գիտելիքների և հմտությունների դրսևորումն ուսանողներին հնարավորություն է տալիս գնահատելու հենց իրենց. «Այսպես նրանք հասկանում են, թե քննիչի, դատախազի կամ փաստաբանի դերում կարողանում են արդյոք դրսևորել իրենց, թե ոչ, և ինչն է պակասում, որը պետք է լրացնել»:
Նրա տեղեկացմամբ, գործի բնույթից ելնելով՝ որոշվում է, թե քանի ուսանող պետք է մասնակցի դատախաղին՝ որպես գործող անձ. «Քանի որ թեման վերաբերում էր կալանքին, մասնակիցների քանակը փոքր-ինչ քիչ էր, բայց առաջիկայում նոր դատախաղ է կազմակերպվելու, որի ժամանակ շրջանակը կընդլայնվի: Սկզբունքային է միայն այն, որ այս դատախաղի մասնակիցները հանդես չեն գա հաջորդին, որպեսզի հնարավորություն տրվի բոլորին մասնակցելու և դրսևորվելու»:
Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկություն է ներկայացվել ուսումնական պլանում փոփոխություն կատարելու մասին, որի համաձայն՝ «Քրեական դատավարություն» առարկայի ժամաքանակը կավելանա, և ըստ այդմ՝ ավելի շատ ժամանակ կհատկացվի գործնական ուսումնառությանը»:
Ամբիոնի վարիչը պատմեց նաև, որ նախկինում կազմակերպվում էին միջբուհական դատախաղեր, բայց այժմ ժամաքանակի սղության պատճառով այդ պրակտիկան այլևս չի կիրառվում. «Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել դատախաղ հոսքերի միջև: Կարծում ենք՝ մրցակցությունն այդկերպ ավելի կմեծանա, ու դրա արդյունքում էլ ուսանողներն ավելի լավ կպատրաստվեն»:
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ Տաթևիկ Սուջյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ավանդական դարձած դատախաղերի գործերի նյութերը հիմնականում վերցվում են իրական դատական պրակտիկայից. «Մենք պարզապես փոխում ենք անձնական տվյալները, որպեսզի խնդիրներ ի հայտ չգան: Այսօրվա դատախաղերի հիմքում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու թեման էր»:
Նա ասաց, որ նյութերը նախապես տրամադրվում են ուսանողներին, ուղարկվում են դատավարական փաստաթղթերի նմուշ-օրինակներ, որոնց հիման վրա պատրաստվում է միջնորդություն. «Դատական նիստի ժամանակ դասախոսների և ուսանողների կողմից արձանագրվում են թերացումներ և բացթողումներ, որոնք քննարկվում և վերլուծվում են»:
Դատախաղի դերերը բաշխելիս, Տաթևիկ Սուջյանի փոխանցմամբ, նախևառաջ հաշվի է առնվում ուսանողների ցանկությունը. «Եթե ցանկացողները շատ լինեն, հարցազրույցի միջոցով ենք ընտրում կամ պայմանավորվում հերթականություն սահմանել: Փորձում ենք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ սուբյեկտները ներառվեն»:
Երրորդ կուրսի առաջին հոսքի ուսանող Գևորգ Բարսեղյանն այսօր հանդես էր գալիս մեղադրանքի կողմում՝ որպես դատախազ. «Միջնորդությունը ներկայացրել էին քննիչները, բայց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազը նույնպես իրավունք ունի մասնակցելու դատավարությանը»:
«Այսպիսի նախաձեռնություններն ուսանողների կողմից շատ ողջունելի են: Ինձ շատ դուր եկան դատախաղը և դրան հաջորդած քննարկումը: Գործնական այսպիսի միջոցառումներն օգնում են հմտանալ մասնագիտության մեջ և պատկերացնել, թե ապագայում ինչ ես ուզում դառնալ: Ես հենց դատախազ էլ ուզում եմ դառնալ, և սա մեծ փորձ էր ինձ համար»,- ասաց Գևորգ Բարսեղյանը:
Քնար Միսակյան