- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ
Փետրվար 20, 2019 | 14:19
Քաղաքականություն
«ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ
Փետրվարի 21-ը Հայաստանի պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»: Տոնի առթիվ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր դասախոսություններ Երևանի «Հերացի», N 114, N 182 և N 195 դպրոցներում:
Մայրենի լեզուն ազգի պահպանման և գոյատևման հիմքն է, ակունքը:
Դիմագրավելով համաշխարհայնացման մարտահրավերներին՝ մայրենի լեզուն է, որ պետք է դառնա ազգային ինքնության պահպանման առհավատչյան, հայ ժողովրդի միասնականության, համախմբվածության գրավականը:
Մայրենի լեզվի կարևորության և արժեհամակարգի պահպանման մասին խոսեցին Երևանի N 114 դպրոցում հյուրընկալված ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը և ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Շաբոյանը:
Ա. Աբաջյանը նախ անդրադարձավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, գրողի վաստակին, հայանպաստ գործունեությանը:
Դոկտորը շնորհավորեց աշակերտներին «Մայրենիի օրվա» առթիվ և մեջբերեց անվանի հայագետ Խաչատուր Աբովյանի խոսքերը. «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»:
Հանդիպման ընթացքում Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը հանդես եկավ բայական համակարգերի մասին դասախոսությամբ:
N 114 դպրոցի ավարտական դասարանի աշակերտները Ռուզաննա Շաբոյանի օգնությամբ գրաբարից արևելահայերեն թարգմանեցին Աստվածաշնչի «Երգ երգոցի» փոքրիկ հատված:
Շաբոյանը նշեց, որ աշակերտների այդչափ ներգրավվածությունն ու հետաքրքրությունն ուրախալի և գովելի է. «Ի վերջո, ես հանդես եկա կարևոր հորդորով այն է՝ համացանցում գրել ու հաղորդակցվել հայերեն, զերծ մնալ օտարամոլ բառերից, անաղարտ պահել հայերենը»:
«Հերացի» ավագ դպրոցում հայերենի պատմական զարգացման մասին խոսեց Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Ալվարդ Խաչատրյանը, որը նաև գրաբար է դասավանդում «Հերացի» ավագ դպրոցում:
Մեզ հետ զրույցում Ա. Խաչատրյանը նշեց, որ աշակերտների մեծամասնությունը հստակ կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում. «Կան և՛ Հայ բանասիրության ֆակուլտետն ընտրող դիմորդներ, և՛ Պատմության»:
N 182 դպրոցում հյուրընկալված Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արևիկ Քամալյանն աշակերտներին ներկայացրեց համացանցային լեզուն, ինչպես նաև անդրադարձավ հայոց լեզվի առանձնահատկություններին և լեզվում առավել շատ տարածված սխալներին:
N 195 դպրոցում հյուրընկալված Հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս Մարինե Ղազարյանը, խոսելով հայերենի նշանակության և պահպանության կարևորության մասին, աշակերտներին ներկայացրեց «Մայրենիի օրվա» խորհուրդը. «Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է «Մայրենի լեզվի» միջազգային օր, որը նվիրված է Մայրենի լեզվի իրավունքների համար պայքարողների և պայքարի արդյունքում զոհվածների հիշատակին: 2000 թ.-ից այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր»:
Անգին Խաչատրյան