- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԿԵՐՏԵԼ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ».ՆԻԼ ՋԱՐՄԵՆ
Սեպտեմբեր 27, 2018 | 16:59
Գիտություն
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԿԵՐՏԵԼ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ».ՆԻԼ ՋԱՐՄԵՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Անցումը զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը» թեմայով դասախոսություն:
Այն իրականացվում է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կողմից:
Բանախոսը Հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի գործադիր տնօրեն, Քուինսի համալսարանի սենատոր Ջորջ Միտչելի անվան գլոբալ խաղաղության, անվտանգության և արդարության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիլ Ջարմենն էր:
Դասախոսության ընթացքում նա անդրադարձավ Հյուսիսային Իռլանդիայի մոտ 20 տարվա պատմություն ունեցող հակամարտությանը, ներկայացրեց դրա առաջացման հիմքերը: Նիլ Ջարմենը խոսեց նաև հակամարտության արդյունքում ձևավորված քաղաքացիական շարժումների մասին, որոնք հետագայում սկսեցին քաղաքական օրակարգ ձևավորել:
«Իրականում շատ դժվար է կերտել կայուն խաղաղություն,- իր ելույթում նշեց բանախոսը,- այդ ճանապարհին միշտ էլ լինում խոչընդոտներ, որոնք էլ հետո ձևավորում են հակամարտող կողմեր»:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթացնելու Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության պատմությանն ու ներկա իրավիճակին:
Ըստ բանախոսի՝ նմանատիպ իրավիճակների լուծումը հնարավոր է միայն հակամարտությունը բանակցային դաշտ տեղափոխելու միջոցով:
«Հյուսիսային Իռլանդիայի օրինակով կարելի է փաստել, որ այդ ամենն աստիճանաբար տեղի ունեցավ ՝ ժամանակի ընթացքում հարցի լուծման համար ստանալով անհրաժեշտ աջակցություն ու գումար»,- ասաց Նիլ Ջարմենը:
Դասախոսության ընթացքում Նիլ Ջարմենը ներկայացրեց նաև այն բոլոր մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս խաղաղության կերտման ճանապարհին՝ առանձնացնելով քաղաքական առաջնորդի և պայքարի հստակ մարտավարության պակասը, ինչպես նաև պայքարի ընթացքում թերագնահատված խնդիրները:
Հանդիպման վերջում ներկաները հարց ու պատասխանի միջոցով փորձեցին պարզել, թե ինչպես են Հյուսիսային Իռլանդիայում վերաբերում «brexit»-ին, ինչպես նաև զուգահեռներ անցկացրին Արցախյան հակամարտության կարգավորման հետ: