- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
Մայիս 20, 2019 | 16:08
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի նախագահ Ավետիք Հարությունյանի կողմից ստորագրված հուշագրի հիմքում երկու կառույցների միջև գիտակրթական և գործնական ոլորտներում առկա համագործակցության ամրագրումն է:
«Մեր կազմակերպության ձևավորման և կայցման գործում շատ մեծ է ԵՊՀ-ի ներդրումը: Մենք պարտական ենք և շատ շնորհակալ, որ մեր ծրագրերն իրականացնելիս միշտ մեր կողքին եք»,- իր խոսքում ասաց Ավետիք Հարությունյանը:
«Կարծում եմ՝ այս համագործակցությունը շատ օգտակար է: Համալսարանը շահագրգիռ է՝ հասցնելու նման համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի: Հուշագիրը ստորագրելուց հետո մենք կաշխատենք անպայման նոր հաջողություններ գրանցել այս համագործակցության շրջանակում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Կնքված հուշագրի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր, հրատարակելու են կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութեր և համատեղ իրականացնելու են նորարարական, դրամաշնորհային ծրագրեր:
Բացի դրանից՝ համագործակցության հուշագրի շրջանակում ԵՊՀ-ն իր աջակցությունն է ցուցաբերելու «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ին` ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի գրախոսման և տպագրության երաշխավորման աշխատանքներում:
Տեղեկացնենք, որ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի նպատակն է միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:
Քնար Միսակյան