- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Սեպտեմբեր 19, 2018 | 18:25
Հասարակություն
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորը հյուրերին ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող աշխատանքները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակները:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն էլ խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կազմակերպվում են օտարերկրյա ուսանողների և սփյուռքահայ երիտասարդների համար:
Ջեն Բլոկը և Էրիկ Իսրայելյանը նշեցին, որ շատ ուրախ կլինեն համագործակցություն հաստատել ԵՊՀ-ի հետ՝ հայագիտական ուսումնասիրություններ իրականացնելու համար. «Մենք ցանկանում ենք կանոնակարգված փոխհամագործակցություն սկսել Հայաստանի գիտակրթական այս կենտրոնի հետ՝ համատեղ հետազոտություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար»:
ԵՊՀ ռեկտորը և Մհեր Հովհաննիսյանը հյուրերին պատմեցին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործունեության մասին, ծանոթացրին հրատարակած աշխատանքների հետ և խոսեցին աշխարհում գործող հայագիտական կենտրոնների մասին:
Հանդիպման ավարտին երկու համալսարանների ներկայացուցիչները փաստեցին, որ հանդիպումը բավականին օգտակար էր, ինչպես նաև պատրաստ են համագործակցել միմյանց հետ:
Քնար Միսակյան