- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Մայիս 23, 2019 | 13:49
Կրթություն
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի լաբորատորիան «Erasmus+ KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում (ABIONET)» ծրագրի շրջանակում hամալրվել է ժամանակակից սարքավորումներով:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի գիտաշխատող Սյուզաննա Եսոյանը:
Նրա խոսքով, նոր ձեռք բերված սարքավորումները թույլ կտան հետազոտություններ իրականացնել կենսատեխնոլոգիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտում: «Նմանօրինակ սարքերի առկայությունն ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին և աշխատելու նոր մեթոդներով: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները կարող են իրենց մագիստրոսական թեզերի հետազոտություններն իրականացնել ձեռք բերված ժամանակակից նոր սարքավորումներով»,- նշեց նա:
Սյուզաննա Եսոյանը նաև հայտնեց, որ «Erasmus+ KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում (ABIONET)» ծրագիրը մեկնարկելու է 2019-2020 ուստարում, որին կարող են դիմել Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:
Նա նշեց, որ վերոնշյալ ծրագիրը ենթադրում է նոր մոդուլների առկայություն արդեն իսկ գործող մագիստրոսական ծրագրում։
Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, որոնց մագիստրոսական թեզի թեմաները կհամապատասխանեն ծրագրի շրջանակում առաջարկվող մոդուլներին, կարող են հետազոտական աշխատանքների մի մասն իրականացնել ծրագրի գործընկեր երկրների (Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Պորտուգալիա) բուհերում:
Սյուզաննա Եսոյանի խոսքով, այս ծրագիրն ուղղված է գիտություն-կրթություն-ձեռներեցություն կապի ստեղծմանը և ամրապնդմանը. «Ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի մագիստրատուրայի ուսանողները բուհն ավարտելուց հետո կարողանան ստեղծել իրենց փոքրիկ բիզնեսը, ինչպես նաև աշխատանք գտնեն իրենց մասնագիտությանը համապատասխան ոլորտներում»:
Ի դեպ, «ABIONET» ծրագրի ավարտին հայաստանյան մասնակից բուհերի կողմից պետք է ներկայացվի 8 ստարտափ ծրագիր:
ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի գիտաշխատողի խոսքով, վերոնշյալ ծրագրի մասին իրազեկել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի այն ուսանողներին, որոնք ցանկանում են ուսումը շարունակել մագիստրատուրայում:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում մայիսի 6-11-ն Իտալիայի Հանրապետության Տերամոյի համալսարանում անցկացվել է հայաստանյան մի շարք բուհերի՝ Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի պետական, Գավառի պետական համալսարանների, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագետների վերապատրաստման դասընթաց՝ նոր կարողությունների ձեռքբերման նպատակով:
Սյուզաննա Եսոյանը, որը մասնակցել է վերապատրաստմանը, ասաց, որ դասընթացն անցկացրել են վերոնշյալ ծրագիրը համակարգող՝ Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտի (Հունաստան), ծրագրի եվրոպական գործընկեր բուհերից՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա), Տերամոյի համալսարանի (Իտալիա) և Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանի (Պորտուգալիա) մասնագետները:
Վերապատրաստման թեմաները վերաբերում էին գիտություն-կրթություն-արտադրություն կապի ստեղծմանը: Դասընթացին անդրադարձ է կատարվել կենսատեխնոլոգիային, կենսաարտադրությանը, ձեռներեցության ոլորտներին, ստարտափ ծրագրեր կազմելու հմտություններին:
Հանդիպման վերջում քննարկվել են հաջորդ հանդիպումների ժամկետները և վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա անելիքների մասին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան