- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Սեպտեմբեր 24, 2021 | 12:58
ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ-ն, Լիսաբոնի համալսարանի արվեստների և հումանիտար գիտությունների ֆակուլտետը, Հայկական վիրտուալ քոլեջը և Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը կնքել են քառակողմ համագործակցության հուշագիր՝ զարգացնելու համագործակցությունը և սահմանելու կողմերի գործնական շրջանակը:
ԵՊՀ-ի, Լիսաբոնի համալսարանի արվեստների և հումանիտար գիտությունների ֆակուլտետի, Հայկական վիրտուալ քոլեջի և Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության միջև կնքված հուշագրի համաձայն՝ ձևավորվում է միջազգային գործընկերություն, որի նպատակն է զարգացնել կողմերի կրթական գործունեությունը, ինչպես նաև նպաստել հայերենի, պորտուգալերենի և երկու երկրների մշակութային ժառանգությունների տարածմանը: ԵՊՀ-ի նոր գործընկեր Լիսաբոնի համալսարանի արվեստների և հումանիտար գիտությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1290 թվականին:
Այն իրականացնում է ուսուցում և հետազոտություն տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ հնագիտություն, արվեստի պատմություն, արվեստագիտություն, օտար լեզուներ, պատմություն, լեզվաբանություն, գրականագիտություն և փիլիսոփայություն: Հայկական վիրտուալ քոլեջն առաջատար առցանց ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է կրթական գործունեություն ՝ հնարավորություն ընձեռելով սովորողներին հայագիտության ոլորտում ստանալ լիարժեք կրթություն նոր տեխնոլոգիաների միջոցով:
Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության գործունեությունն էլ նպատակ ունի զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում, ինչպես նաև նպաստել յուրաքանչյուր երկրի լեզվի և մշակույթի ուսուցմանը մյուս երկրի համալսարաններում կամ այլ կրթական հաստատություններում:
Կնքված հուշագրի համաձայն՝ կողմերն իրականացնելու են նաև դասախոսների, հետազոտողների փոխանակման ծրագրեր, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, կազմակերպելու են համատեղ հետազոտական ծրագրեր, գիտաժողովներ, սիմպոզիումներ, ինչպես նաև կարճատև դասընթացներ ու հանդիպումներ հետազոտական հարցերի վերաբերյալ: