- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՇԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 19, 2019 | 13:23
Կրթություն
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՇԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին իրավաբանական անգլերեն ուսուցանելու նպատակով «Մարդու իրավունքների տուն Երևան» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ցանցի հետ համատեղ մշակվել է «Իրավաբանական անգլերեն» դասընթացը:
Դասընթացի նպատակն է բարելավել մասնակիցների անգլերեն կարդալու, լսելու և խոսելու կարողությունները, ինչպես նաև հարստացնելու մասնակիցների իրավաբանական անգլերենի բառապաշարը՝ ամերիկյան, եվրոպական և հայաստանյան պետության և իրավունքի վերաբերյալ իրավական և կրթական աղբյուրների (տեքստ, աուդիո) ինտերակտիվ ուսումնասիրման ճանապարհով:
Ծրագրի տևողությունը երկու ամիս է: Դասընթացը վարելու է «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի կամավոր Քեթի Շերդանը: Ծրագրի ղեկավարների հավաստմամբ, հաղորդակցումն անմիջապես լեզվի կրողի հետ և ուսուցման նորարական ու ինտերակտիվ մեթոդի կիրառումը ՝ լեզվի յուրացումը կդարձնեն հնարավորինս հեշտ ու հետաքրքիր։
Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ ծրագիրը մշակվել է ֆակուլտետի զարգացման ծրագրով նախատեսված միջազգայնացման գործընթացի շրջանակում. «Մեր առջև նպատակ ենք դրել հաստատելու և ամրապնդելու միջազգային կապերը, ինչպես նաև ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին առավելագույնս ներգրավելու միջազգային ծրագրերում, հրապարակումներում, միջոցառումներում, և այդ գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անգլերենի ուսուցման այս ծրագիրը հրաշալի միջոց կդառնա»:
Գագիկ Ղազինյանը նշեց, որ ուսանողների հետաքրքրվածությունը շատ մեծ է. «Ծրագրի հաջող ավարտից հետո նախատեսում ենք փնտրել հնարավորություններ՝ այն շարունակական դարձնելու համար»: Դեկանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի իրականացմանը մեծապես օժանդակել է Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դասախոս Վարսեր Կարապետյանը:
«Իրավաբանական անգլերեն» դասընթացին մասնակցում են անգլերենի միջին մակարդակի իմացություն ունեցող ուսանողները։ Լեզվի իմացության մակարդակի ստուգման նպատակով ուսանողներն արդեն լրացրել են անգլերենի առցանց թեստ, որի արդյունքներով միջին և բարձր մակարդակ ունեցող ուսանողների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց՝ անգլերենով հաղորդակցվելու կարողությունը ստուգելու նպատակով: Հարցազրույցի արդյունքում ընտրվելու են դասընթացի մասնակիցները։
Տեղեկացնենք, որ դասընթացի ավարտին տրամադրվելու է մասնակցության վկայական։
Քնար Միսակյան