- Գլխավոր
- Նորություններ
- ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Հուլիս 20, 2018 | 14:46
Գիտություն
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
Ոսանողական գիտական ընկերության պարբերականի էջերում տեղ են գտել 225 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած գրեթե 400 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության: Ի դեպ, տպագրված հոդվածները հասանելի են նաև ԵՊՀ կայքում:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, շնորհավորելով հոդվածագիրներին, ասաց, որ կառույցի գործունեության արդյունավետության հիմնական ցուցիչը գիտական նստաշրջանների կազմակերպման և դրան հաջորդող հոդվածների տպագրման գործընթացի որակյալ ապահովումն է:
«Մենք տարեցտարի արձանագրում ենք զեկուցող և հոդվածագիր ուսանողների և ասպիրանտների ներգրավվածության քանակական աճ, ինչը մի շարք կարևոր հանգամանքների մասին է վկայում: Առաջին հերթին, իհարկե, այն ցույց է տալիս, որ ՈՒԳԸ-ն մեծ վստահություն է վայելում, և այն, որ նրանց համար ԲՈԿ-ի կողմից հաստատված մեր ամսագիրը կարևոր հարթակ է գիտական աշխատանքները ներկայացնելու համար»,- ասաց Վ. Շերենցը:
Վանատուր Շերենցը խոսեց նաև բացթողումների մասին, որոնցից առանձնացրեց նաև այն, որ դեռևս չի հաջողվում սեղմ ժամկետներում իրականացնել հոդվածների տպագրությունը. «Իհարկե, այդ բացողումը կապված է մի շարք պատճառների հետ, բայց մենք աշխատանքներ ենք իրականացնում այդ խնդրին արդյունավետ լուծում տալու համար: Վստահ եմ, որ ապագայում մենք կգերազանցենք մեր այսօրվա սահմանած նշաձողը և էլ ավելի կկատարելագործենք մեր աշխատանքը»:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նույնպես շնորհավորեց բոլոր հոդվածագիրներին և ասաց, որ ժողովածուն ԲՈԿ-ում գրանցված է որպես պարբերական ամսագիր, ինչը նշանակում է, որ այստեղ տպագրված հոդվածները ճանաչելի են թեկնածուական ատենախոսության պաշտպանությունների համար:
«Ի դեպ, այն էլեկտրոնային ներկայացվածությունը, որն ունի մեր ժողովածուն, գրեթե ոչ մի այլ գիտական պարբերական չունի: Իսկ ինչ վերաբերում է տպագրության ժամկետներին, ուզում եմ ձեզ համար պարզաբանել ուշացման պատճառներից մեկը: Մենք մեր առջև խնդիր ենք դնում ոչ թե միանգամից մերժել հոդվածագիրներին, այլև սկսում ենք աշխատել նրանց հետ, ամեն կերպ ջանում, որ հոդվածը մշակվի և համապատասխանի մեր կողմից սահմանված չափորոշիչներին: Աշխատանքներն ավելի են երկարում հատկապես, երբ հոդվածագիրներն այլ բուհերից են լինում, իսկ մենք ամեն ինչ անում ենք նրանց օգնելու համար»,- պարզաբանեց պրոռեկտոր:
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրները ստացան իրենց օրինակները:
Քնար Միսակյան