- Գլխավոր
- Նորություններ
- «ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Ապրիլ 23, 2020 | 18:59
Մշակույթ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
Վերջինս, սիրով ընդունելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հրավերը, այսօր հանդիպեց ֆակուլտետի ուսանողների հետ:
«Պետք է նշեմ, որ նախկինում՝ մինչ արտակարգ իրավիճակը, ես ֆակուլտետում ուսանողների հետ անձամբ հանդիպելու փորձառություն արդեն ունեցել եմ և շատ տպավորված եմ ուսանողների իմացությամբ ու հարցերի մեջ խորանալու կարողությամբ»,-անկեղծացավ Վարդան Մկրտչյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ սպասվելիք դասախոսությունը կլինի արդյունավետ և խնդրեց, որ հանդիպման վերջում ուսանողները հնարավորինս ակտիվ մասնակցեն հարցուպատասխանին. «Դեռ երեկվա իմ տեսաուղերձում ես նշել էի, որ ապրիլի 23-ը պատահական օր չէ, քանի որ այն համաշխարհային թատրոնի ամենամեծ անվան՝ Ուիլյամ Շեքսպիրի մահվան օրն է, բայց այդ մահվամբ սկսվում և շարունակվում է թատրոնը»։
Նա մեջբերեց Հովհաննես Թումանյանի այն խոսքը, որ Շեքսպիրը դարձել է մի չափ՝ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար:
Շարունակելով Հովհաննես Թումանյանի միտքը՝ բանախոսը նշեց, որ եթե մի ժողովուրդ չի թարգմանում Շեքսպիրի ստեղծագործությունները, նշանակում է, որ նա տգետ է, իսկ եթե չի հասկանում, նշանակում է՝ տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, ուրեմն տկար. «Բայց կարծում եմ, որ թումանյանական այս մեջբերումը շատ ավելի լայն ընկալում ունի ոչ միայն լեզվամտածողության և լեզվական հնարավորությունների, այլև ընդհանրապես մշակույթի առումով»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է թատրոնը, բանախոսը նշեց, որ վերջինս արվեստի ամենաբարդ տեսակներից մեկն է, եթե ոչ հենց ամենաբարդը:
«Ֆրանսիացիների համար շատ ընդունելի տեսակետ է, որ ֆրանսիական թատրոնը ծառայում է ֆրանսիական գրականությանը, ինչն ինձ համար նույնպես ընդունելի տեսակետներից է»,- նշեց Վարդան Մկրտչյանը:
Նրա խոսքով, թատրոնը գեղարվեստական հայելի է հասարակության համար, որն ուզում է ինքն իրեն կողքից տեսնել, ինքն իրեն հղկել ու առաջ շարժվել. «Թատրոնն իր զարգացման ընթացքում պարտադիր չէ, որ ունենա միայն վերընթաց շարժում, փոխարենը նրա վերընթացներն ու վարընթացները շարունակում են մեկը մյուսին»:
Արվեստագետը նշեց նաև, որ թատրոնը նաև զվարճանքի վայր է, բայց նրա կարծիքով, թատրոնի մասին ամբողջական գիտակցում մենք դեռևս չունենք:
«Յուրաքանչյուր առողջ հասարակություն պարտավոր է ունենալ լավ թատրոն,- շեշտեց բանախոսը,- և եթե մենք ընդունում ենք այն տեսակետը, որ թատրոնը պետության փոքր մոդելն է, ապա այն արտացոլում է տվյալ պետության ընդհանրական վիճակը»։
Կատարելով պատմական ակնարկ՝ դերասանն անդրադարձավ հայկական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրման պատմությանը. «Հետադարձ հայացք նետելով հայ թատրոնի պատմությանը՝ մենք տեսնում ենք, որ մարդկանց ներգրավվածության առումով այն երբեք խնդիրներ չի ունեցել»։
Վերջինս անդրադարձավ նաև թատրոնի կառավարումը մասնագետներին վստահելու անհրաժեշտությանը:
«Թատրոնի կառավարումը դժվար մասնագիտություն է, որին հնարավոր չէ հասնել, եթե դու չես անցել թատրոնում առկա բոլոր ճանապարհներով,- խոստովանեց նա,- այստեղ պարզապես վերևից ղեկավարներ չեն գալիս ու չեն գնում, սա թատրոնում հակացուցված և չաշխատող սկզբունք է»:
Հանդիպման վերջում Վարդան Մկրտչյանն անդրադարձավ նաև արդի հայ թատրոնի առջև ծառացած մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին:
Անի Պողոսյան