- Գլխավոր
- Նորություններ
- «ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ. ԻՆՉՊԵՍ ԿՓՈԽՎԻ ԿՅԱՆՔԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ». ՎԵԲԻՆԱՐ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 15, 2020 | 15:49
Հասարակություն
«ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ. ԻՆՉՊԵՍ ԿՓՈԽՎԻ ԿՅԱՆՔԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ». ՎԵԲԻՆԱՐ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր առցանց դասախոսությամբ հանդես է եկել ֆակուլտետի շրջանավարտ, նախկին դոցենտ, «Huawei» ընկերության աշխատակից Հայկ Խաչատրյանը։
Հանդիպման սկզբում Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը փաստեց, որ Հայկ Խաչատրյանը ֆակուլտետի գործընկերն է և հաճախ է հանդես գալիս դասախոսություններով, որոնց ընթացքում ներկայացնում է, թե ինչ քայլերով է առաջ շարժվում գիտությունը։
Ներկայացնելով բանախոսի անցած ճանապարհը՝ Արմեն Գալստյանը տեղեկացրեց, որ նա երկար ժամանակ որպես նյութագետ աշխատել է «Samsung» ընկերությունում, որտեղ նրա թիմի ձեռքբերումներից է եղել ծալվող էկրանների նախագծումը․ «Այժմ Հայկ Խաչատրյանը«Huawei» ընկերության աշխատակից է։ Այսինքն՝ մեր բանախոսն ամենալավը գիտի գիտության և կիրառության սահմանը»։
Դասախոսության ընթացքում Հայկ Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրեց մարդկության զարգացումը, անցած ճանապարհը՝ փաստելով, որ առաջիկայում մարդու գործունեությունը գերազանցելու է բնության կենսագործունեությանը, բայց և պնդելով, որ պետք է պահպանել բնությունը, քանի որ առանց բնության մյուս տեսակների, մարդը չի կարող գոյություն ունենալ։
Բանախոսը ներկայացրեց, թե նորագույն ինչ տեխնոլոգիաներ կան այսօր աշխարհում, ինչ նոր ծագրեր են մշակվում, և թե ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ մարդու կենսագործունեության և աշխարհի վրա։
Հայկ Խաչատրյանի հավաստմամբ, հնարավոր է՝ ապագայում լինի վիրտուալ իրականություն, երբ բանականությունը կթվայնացվի և, օրինակ, գիտակցության շնորհիվ՝ վայրկյանների ընթացքում հնարավոր կլինի հասնել լուսին կամ մեկ այլ մոլորակ, ստեղծել սեփական աշխարհը և այլն։ Նա խոսեց նաև արհեստական բանականության, մինչ այժմ դրա արձանագրած տվյալների մասին և պատասխանեց մասնակիցների հարցին։
Բացի դրանից՝ բանախոսը պատմեց սոցիալական ցանցերում կիրառվող տեխնոլոգիաների մասին՝ բացատրելով, թե դրանք ինչպես են մշակված ալգորիթմների միջոցով օգտվողներին բևեռացնում․ «Մեր հանրության շրջանում այս օրերին հատկապես այդ բևեռացումն ակնհայտ է, երբ ամեն մեկին թվում է՝ հենց ինքն է ճիշտ»։
Ի դեպ, Հայկ Խաչատրյանը նշեց, որ սոցիալական ցանցերում առկա տեղեկատվական հոսքը սթրեսածին է, որը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ։ Դասախոսության ավարտին նա պատասխանեց հարցերին և նշեց, որ սիրով հանդես կգա նոր դասախոսություններով։
Քնար Միսակյան