- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հունիս 14, 2019 | 17:37
Գիտություն
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին հայաստանյան մի շարք ընկերությունների՝ «Armenia Wine» գործարանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի, «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի, «Երևանի շամպայն գինիների գործարան»-ի, «Աշտարակ-Կաթ» և «Բջնի և Նոյ» ընկերությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում շրջայցով, որի ընթացքում կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը ներկայացրեց ժամանակակից սարքավորումները և դրանց հնարավորությունները՝ խոսելով համագործակցության եզրերի մասին:
Շրջայցից հետո մասնակիցները հավաքվեցին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
«Կենտրոնը համալսարանում դիտվում է որպես գերազանցության կենտրոն, որը նպատակ ունի ապահովելու համալսարանի և արդյունաբերական համապատասխան ոլորտների միջև կապը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:
Նա ներկայացրեց նաև համալսարանի կողմից մշակված ձեռնարկությունների հետ համագործակցության ուղղությունները՝ ձեռնարկությունների ներկայացուցիչների ներգրավումը որպես դասավանդող, ուսանողների պրակտիկայի կազմակերպում ձեռնարկություններում և այլն:
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, խոսելով համալսարանի գիտահետազոտական լաբորատորիաների և կենտրոնների հետ հնարավոր համագործակցությունների մասին, նշեց, որ դրանց թիվը 30-ից ավելի է:
«Կարծում եմ, որ սննդի որակի, սննդի անվտանգության բնագավառին վերաբերող հարցերում պետք է ակտիվ լինել»,- նշեց Արսեն Բաբաջանյանը՝ միջոցառմանը մաղթելով արդյունավետ ընթացք:
Կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը պատմեց կենտրոնի մասին՝ նշելով, որ այն ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:
Նշենք, որ կենտրոնը հնարավորություն ունի կադրեր պատրաստելու և իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև խորհրդատվական, թեստավորման և այլ ծառայություններ մատուցելու սննդի, ալկոհոլային խմիչքների, դեղագործական արտադրությունների, տարբեր բժշկական լաբորատորիաների և թեստավորման կենտրոնների, պետական մարմինների և ծառայությունների՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում գտնվող կազմակերպությունների համար։
Ներկայացնելով կենտրոնի հիմնական ուղղությունները՝ Կարեն Թռչունյանը պատմեց «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագրի մասին՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ծրագիրը ստեղծվել է՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով և պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա:
Կարեն Թռչունյանը կարևորեց վերապատրաստումներն ու ամառային դպրոցները՝ որպես կենտրոնի համագործակցային ուղղություն:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ներկայացնելով կենտրոնի ստեղծման պատմությունը, նշեց, որ այն նպատակ ունի աջակցելու աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև նպաստելու ուսանողների, շրջանավարտների և հնարավոր գործատուների միջև արդյունավետ կապի ապահովմանը:
Լիլիթ Հակոբյանը, խոսելով կենտրոնի գործառույթների մասին, առանձնացրեց աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, պրակտիկաների, փորձաշրջանի կազմակերպումը, ինչպես նաև բազմաթիվ դասընթացների, ցուցահանդեսների, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը:
Լիլիթ Հակոբյանը նշեց նաև «Վորլդ Վիժն» Հայաստանի, «ԱՄՔՈՐ»-ի և մի շարք այլ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:
Միջոցառումն ավարտվեց ոլորտի ներկայացուցիչների և կենտրոնի մասնագետների միջև քննարկմամբ:
Մարի Ռաֆյան