- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ
Մարտ 21, 2023 | 16:32
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գիտական խորհրդի որոշմամբ բացվել է մագիստրատուրայի ուսանող, Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան փիլիսոփայական հետազոտությունների և բանավեճի ակումբ:
Ակումբի առաջին, պատվավոր և հավերժ անդամները հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած ուսանողներն են՝ Գևորգ Արշակյանը, Վլադ Ավետիսյանը, Զոհրաբ Քոչարյանը, Ռուստամ Պողոսյանը, Դավիթ Դավթյանը և Խաչիկ Մարտիրոսյանը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ բանավեճի ակումբը իրապես կնպաստի ևս մեկ քայլ առաջ գնալու ազատ մտքի և արժեքների բարձր նշաձողեր սահմանելուն: Ռեկտորի խոսքով՝ առողջ քննադատությունն է, որ առաջ է մղելու մեզ և մեր երկիրը:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, խոսելով հանուն հայրենիքի անմահացած հերոսների մասին, շեշտել է՝ նրանք թողել են այնպիսի արժեքներ, որոնք պահպանողն ու փոխանցողը պետք է դառնա մեզնից յուրաքանչյուրը:
ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն արժևորել է բանավեճի ակումբ ստեղծելու գաղափարը և ընդգծել, որ ուսանողները հնարավորություն կունենան ակումբում զարգացնելու բանվիճելու հմտությունները:
Անդրադառնալով բանավեճի ակումբի անվանակոչմանը՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է՝ Գևորգ Արշակյանի մասին դեռ շատ է խոսվելու: Նրա խոսքով՝ Գևորգն առաջիններից էր, որ ցանկանում էր Հայաստանում զարկ տալ ոչ ֆորմալ կրթությանը, և այդ գաղափարի արդյունքն արդեն իսկ իր անունը կրող Գիտելիքի դպրոցն է:
Փառքի սրահի և փիլիսոփայական հետազոտությունների ու բանավեճի գաղափարների համադրումը անմահացած հերոսների ցանկությունների և ծրագրերի իրագործման ստեղծարար տրամադրություն է հաղորդել միջոցառման բոլոր մասնակիցներին:
Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, հույս է հայտնել, որ իր որդու անունը կրող փիլիսոփայական հետազոտությունների և բանավեճի ակումբը կնպաստի ուսանողների մասնագիտական կայացմանը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝ կառույցի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ս. Գևորգյանը, ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք, հերոսների հարազատներն ու մտերիմները: