- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԴՆԹ-Ի ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ
Փետրվար 12, 2019 | 16:37
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԴՆԹ-Ի ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Ղազոյանի կողմից ղեկավարվող գիտական խմբի «Հավելանյութերի առկայությամբ ԴՆԹ-ի լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունը» թեման ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
Մեզ հետ զրույցում Հեղինե Ղազոյանը նշեց, որ հետազոտության նպատակն է կառավարել և կարգավորել ԴՆԹ-ի կայունությունը ջուր/օրգանական, մասնավորապես սուլֆօքսիդներ պարունակող խառը լուծիչներում, ուսումնասիրել տարբեր լիգանդների հետ (տարբեր կենսաբժշկական նշանակություն ունեցող ֆլուորոֆորներ և վիտամիններ) ԴՆԹ-ի կապման գործընթացի օրինաչափությունները, առաջացող կոմպլեքսի կայունության վրա ազդող գործոնները և որոշել այդ կոմպլեքսների թերմոդինամիկական պարամետրերը:
Գիտական խմբի ղեկավարի հավաստմամբ, հետազոտության ընթացքում մշակվելու են նոր մոտեցումներ ԴՆԹ-ի լուծույթներում կոնֆորմացիոն անցումների ղեկավարման համար. «Հետազոտության նպատակներն արժեքավոր են այն տեսանկյունից, որ ներկայումս լայնորեն ուսումնասիրվում են տարբեր լիգանդների և ԴՆԹ-ի միջև փոխազդեցությունները կենսաքիմիական և կենսաբժշկական նպատակներով: ԴՆԹ-ի տարբեր հատվածներին կապվող հետերոցիկլիկ միացությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ միացությունները կարող են ազդել գենային արտահայտման վրա` ինհիբիցելով կարգավորող սպիտակուցների կապումը ԴՆԹ-ին»:
Տիկին Ղազոյանը փաստեց, որ այս աշխատանքները հանդիսանում են ԴՆԹ-ի ջրային և ջուր-օրգանական լուծույթների՝ իրենց կողմից կատարվող ուսումնասիրությունների շարունակությունը. «Մեր նախկին հետազոտություններում ցույց է տրվել, որ ԴՆԹ-ի դենատուրացիայի ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունի ջուր-օրգանական խառը լուծիչների որակական և քանակական բաղադրությունը, որտեղ որպես օրգանական բևեռային լուծիչներ օգտագործվել են դիալկիլսուլֆօքսիդները»:
«Նախկինում արված աշխատանքները ցույց են տվել, որ ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա որոշակի ազդեցություն ունեն հավելանյութերը, որոնք որպես լիգանդներ կարող են կապվել ԴՆԹ-ի փոքր ակոսներին, ըստ որում՝ ԴՆԹ-ի հետ կապման վրա ազդում են մի շարք գործոններ՝ սուլֆօքսիդների առկայությունը, միջավայրի իոնական ուժը, կատիոնի բնույթը: Իրականացրել ենք նաև խառը լուծիչներ պարունակող միցելային համակարգերի ծավալային և տրանսպորտային հատկությունների ուսումնասիրություններ»,- ասաց Հեղինե Ղազոյանը:
Ուսումնասիրություններն իրականացնելու համար գիտական խումբը կիրառելու է խտաչափության, մածուցիկաչափության, մակերևութային լարվածության, սպեկտրաչափական՝ էլեկտրոնային կլանման, ֆլուորեսցենցիայի, ինչպես նաև ֆլուորեսցենցիայի անիզոտրոպիայի և ինֆրակարմիր սպեկտոսկոպիայի մեթոդներ: Թվարկված բոլոր մեթոդների կիրառումը, ըստ հետազոտողների, հնարավոր է իրականացնել ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնում:
Ի դեպ, հետազոտությունն իրականացնող գիտական խմբում ընդգրկված են ինչպես փորձառու գիտնականներ, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ:
Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրություններից ստացված տվյալները կամփոփվեն և կհրատարակվեն գիտական հոդվածների ձևով: Նախատեսվում են նաև մասնակցություններ համապատասխան ոլորտի տարբեր միջազգային գիտաժողովներին և սեմինարներին:
Քնար Միսակյան