- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
Հուլիս 27, 2018 | 15:33
Կրթություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
«CERN» միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության և «JINER» միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի համատեղ կազմակերպած Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին այս տարի մասնակցել են շուրջ 40 երկրների 97 ներկայացուցիչներ:
«Դպրոցի նպատակն էր ներկայացնել վերջին շրջանում երիտասարդ մասնագետների կատարած հետազոտությունները բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում, դրանց կարևորությունը և նպաստը գիտության մեջ: Այս դպրոցը երիտասարդ մասնագետներին հրաշալի հնարավորություն ընձեռեց ծանոթանալու ֆիզիկայի տարբեր բնագավառներում տարբեր երկրների մասնակիցների նոր ձեռքբերումներին, ինչն էլ իր հերթին նպաստեց մասնակիցների մտահորիզոնի զարգացմանը: Մասնակցելով այս դպրոցին՝ ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգտագործեմ իմ գիտական աշխատանքներում, ինչպես նաև այն կփոխանցեմ ԵՊՀ ուսանողներին»,- հավելեց նա:
Էլմիրան նշեց, որ եվրոպական դպրոցում բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտին վերաբերող տարբեր դասախոսություններով հանդես են եկել ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից հրավիրված դասախոսներ: «Տպավորիչ ու շատ հետաքրքիր դասախոսությամբ հադես եկան նաև «CERN» միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության տնօրեն Ֆաբիոլա Ջիանոտտին և «JINER» միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մատվեևը: Ես մեծ հպարտությամբ էին լսում Վիկտոր Մատվեևի դասախոսությունը, քանի որ վերջինս իր դասախոսության ընթացքում անդրադառնում էր պրոֆեսոր, ծագումով հայ գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ Արտեմ Օհանովի հետազոտություններին»,- անկեղծացավ ԵՊՀ ասպիրանտը:
Էլմիրան նաև պատմեց, որ եվրոպական դպրոցի ընթացքում մասնակից անդամները բաժանվել էին տարբեր խմբերի, յուրաքանչյուր խումբ տեսապատկերների միջոցով ներկայացրեց նաև բարձր էներգիաների ֆիզիկայի տարբեր ճյուղերին վերաբերող շնորհանդես: Նա նաև հայտնեց, որ եվրոպական դպրոց էին հրավիրվել BBC-ի երկու թղթակից, ովքեր սովորեցնում էին մասնակիցներին, թե ինչպես է պետք ճիշտ հարցազրույց տալ և տեսապատկերների միջոցով հետաքրքիր ձևաչափերով ներկայացնել գիտական աշխատանքները:
«Այս դպրոցը հիանալի հարթակ էր, որտեղ հանդիպեցին տարբեր երկրների երիտասարդ մասնագետներ և միմյանց հետ քննարկեցին ֆիզիկայի բնագավառին վերաբերող տարբեր հարցեր, տեղի ունեցավ միջազգային փորձի փոխանակում, ինչպես նաև մասնակիցները ներկայացրին իրենց երկրների պատմությունն ու մշակույթը: Երբ պատմում էի մեր երկրի մասին, դպրոցի մասնակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին որպես զբոսաշրջիկ այցելել Հայաստան: Հույս ունեմ, որ նրանք կգան»,- ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան