- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբեր 14, 2018 | 18:10
Ուսանողական
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց:
«ՊիքսԱրտ»-ը (PicsArt) լուսանկարների խմբագրիչ է՝ ստեղծված հայ ծրագրավորողների կողմից: Այն օգտատերերին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, կիսվել դրանցով «ՊիքսԱրտ»-ի համայնքի օգտատերերի հետ և այլ սոցիալական ցանցերում:
Խմբագրիչը լույս է տեսել 2011 թվականի նոյեմբերին, հիմնադիրներն են Հովհաննես Ավոյանը և Արտավազդ Մեհրաբյանը:
Դիզայներ Ժարլին Բաղումյանը պատմեց, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքային գործընթացը «ՊիքսԱրտ»-ում:
Տարբեր ֆակուլտետների ուսանողները ծանոթացան ընկերության կառուցվածքին, տեխնիկական գործիքներին, մարքեթինգային ռազմավարությանը:
Մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներ Լուսինե Հարությունյանը և Վարդուհի Ջանոյանը ներկայացրին ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, առավելությունները:
Լուսինե Հարությունյանը ներկայացրեց ընկերության մատրիքսային կառուցվածքը, որը թույլ է տալիս բաշխել ներուժը և հնարավորինս արդյունավետ այն օգտագործել:
Նրանք խոսեցին ընկերության նոր ձեռքբերման՝ արհեստական բանականության մասին, որը հնարավորություն է տալիս վերահսկել հավելվածի բովանդակությունը՝ զերծ պահելով օգտատերերին անընդունելի պատկերներից ու տեսարաններից, ինչպիսիք են բռնությունը, թմրադեղերի քարոզը:
Ինչպես ներկայացրեց Վարդուհի Ջանոյանը՝ «ՊիքսԱրտ»-ի նոր շուկան Չինաստանն է, և այն համարվում է երկրում ոչ չինական հավելվածներից ամենաշատ օգտագործվողը:
Նա անդրադարձավ ընկերության ամենակարևոր արժեքներից մեկին՝ թափանցիկությանը, որի ամենավառ ապացույցն է «no door policy»-ն՝ առանց դռների քաղաքականությունը. ընկերության թե՛ տնօրենը, թե՛ աշխատակիցներն աշխատում են միևնույն մեծ սենյակում:
Բացի դրանից՝ ընկերությունը կարևորում է սեփականատեր լինելու զգացողությունը և եռանդը ու մեծ ուշադրություն է դարձնում համաշխարհային միտումներին` դրանք ՝ «ՊիքսԱրտ»-ում ավելացնելու համար:
Մարի Ռաֆյան