- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հուլիս 27, 2018 | 15:29
Ուսանողական
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր մեկնարկեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների ուխտագնացությունը դեպի Արցախ: ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին նվիրված ուխտագնացությունն Արցախում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:
Մեզ հետ զրույցում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ ուխտագնացությունը կազմակերպվել է «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը նվիրված է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Թավշյա հեղափոխության հաղթանակին»:
Ուխտագնացությանը մասնակցում են «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի շուրջ 55 անդամներ՝ ուսանողներ, զոհված ազատամարտիկների ծնողներ և հարազատներ:
Սաթենիկ Աբրահամյանը հայտնեց, որ ուխտագնացությունը կազմակերպվել է կազմակերպվել է ԵՊՀ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Դեպի Արցախ այցն իրականացնելու համար իր աջակցությունն է ցուցաբերել նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ով նույնպես մասնակցում է ուխտագնացությանը:
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահը նշեց, որ ուխտագնացության նպատակն է այցելել զոհված ուսանող ազատամարտիկների շիրիմներին, հանդիպել նրանց ընտանիքների անդամների հետ, լինել Արցախի տարբեր զորամասերում, շփվել նորակոչիկների հետ, նրանց համար կազմակերպել մշակութային միջոցառումներ, ինչպես նաև ակումբի անդամներին ծանոթացնել Արցախի տեսարժան վայրերին: «Այս հայրենաճանաչողական այցի նպատակն է համալսարանականներին ներկայացնել ԵՊՀ զոհված ազատամարտիկ հերոսների սխրանքները»,- հավելեց նա:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ ակումբի անդամներն ուխտագնացության ընթացքում այցելելու են Արցախի տարբեր զորամասեր, որտեղ զինվորների համար «Վան» ազգագրական երգի-պարի համույթի անդամներն ակումբականների հետ միասին կազմակերպելու են գրական-մշակութային հանդիպում:
Նա նշեց, որ ուխտագնացության 7 օրերի ընթացքում մասնակիցներն Արցախում գիշերելու են Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի անվան դպրոցում, որտեղ կազմակերպելու են մշակութային մեծ միջոցառում՝ նվիրված մեծ մտավորական, բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի հիշատակին:
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի և «Վան» ազգագրական երգի-պարի համույթի անդամները Վանք գյուղի երիտասարդների համար կազմակերպելու են մշակութային միջոցառում, որը նվիրված է լինելու «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Թավշյա հեղափոխության հաղթանակին» :
Տիկին Սաթենիկը պատմեց, որ ուխտագնացության ընթացքում այցելելու են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի զոհված ուսանող ազատամարտիկ Արա Ավանեսյանի շիրիմին, իսկ Ճարտարի նրա անունը կրող դպրոցում կազմակերպելու են հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսի ծննդյան 50-ամյակին: Նախատեսվում է այցելություն ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկ Դավիթ Սարգսյանի և Սանասար Մնացականյանի շիրիմներին, ինչպես նաև հանդիպում նրանց ընտանիքի անդամների և համայնքի բնակիչների հետ: Այցելություն է կազմակերպվելու նաև Վանք գյուղի ազատամարտիկների հուշակոթող համալիր:
Նախատեսված է Վանք գյուղի երիտասարդների համար կազմակերպել մշակութային միջոցառումներ, Գուրգեն Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտներին ուսուցանել ազգագրական պար ու երգ, անցկացնել շախմատի մրցումներ ակումբականների և գյուղի երիտասարդների միջև, ինչպես նաև հանդիպում-զրույց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսի) հետ:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղում, որը տեղակայված է Գանձասարի վանքի հարակից տարածքում, կազմակերպվելու է «Հայոց ինքնության հարցեր և ազգային մշակույթ» գիտապրակտիկ գիտաժողով:
Մեկշաբաթյա ուխտագնացության ընթացքում կլինեն ճանաչողական այցելություններ Ազատամարտիկների թանգարան և Ստեփանակերտի պանթեոն, ինչպես նաև Արցախի պատմամշակութային հուշարձաններ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան