- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 19, 2021 | 15:51
«ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Հետպատերազմյան Հայաստանը հարևան երկրների աչքերով» թեմայով դասընթացը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 22-ը:
Դասընթացը նպատակ ունի ուսանողությանը ծանոթացնելու հետպատերազմյան շրջանում Հայաստանի նկատմամբ հարևան երկրների դիրքորոշմանն ու վարած քաղաքականությանը:
Ներկաներին նախ ողջունեց Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Հակոբյանը, այնուհետև ՈՒԳԸ անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Ստեփանյանը ներկայացրեց «Հետպատերազմյան Հայաստանը հարևան երկրների աչքերով» թեմայի ընտրության կարևորությունը:
«Նմանատիպ թեմաներով քննարկումներն առավել քան կարևոր և արդիական են»,- նշեց Աշոտ Ստեփանյանը:
Դասընթացի առաջին օրը բանախոսությամբ հանդես եկավ ադրբեջանագետ Լիլիթ Մովսիսյանը՝ խոսելով Ադրբեջանը ճանաչելու հարցում լեզվի իմացության կարևորության մասին:
«Ադրբեջաներենի իմացությունը կարևոր է ոչ միայն լեզու սովորելու, այլև երկիրը ճանաչելու և բացահայտելու տեսակետից, ինչն առանցքային է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը»,- փաստեց ադրբեջանագետը:
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի բարձր հովանու ներքո ադրբեջաներենն ամեն օր համալրվում է թուրքերեն բառերով, որը միտումնավոր է արվում, բացի դրանից՝ Ադրբեջանը հսկայական ֆինանսական ռեսուրսներ է ծախսում՝ իր համար պատմություն ստեղծելու ու այն աշխարհով մեկ տարածելու ուղղությամբ:
Լիլիթ Մովսիսյանն անդրադարձավ նաև թուրք-ադրբեջանական տանդեմին՝ նշելով, որ այս երկու երկրների համագործակցությունը գնալով ավելի շատ ոլորտներ է ընդգրկում:
Բանախոսը նկատեց նաև Ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանող լրագրողների կողմից թույլ տված թերություններն ու սխալները:
«Հակամարտությունը լուսաբանող յուրաքանչյուր լրագրող պետք է այն շատ լավ ուսումնասիրի՝ նմանատիպ սխալներից խուսափելու և հակամարտությունն աշխարհին գրագետ ներկայացնելու համար»,- փաստեց Լիլիթ Մովսիսյանը:
Դասախոսությանը հաջորդեց թեմային վերաբերող հարցուպատասխան: