- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ. ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊՐԱԿՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Հունիս 24, 2019 | 16:11
Ուսանողական
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ. ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊՐԱԿՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր ավարտվեցին քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտում գործնական հմտությունների փոխանցման դասընթացները: Մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ Վահագն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ՈՒԽ-ի համագործակցությամբ ֆակուլտետում մեկնարկել էր «Պրակտիկ դասընթացների» շարք, որի նպատակն էր ուսանողների ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Գրիգորյանը համառոտ ներկայացրեց ծրագրի բովանդակությունը և նպատակները:
Ծրագրին ներգրավված են եղել ոչ միայն Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, այլև տարբեր բուհերից ուսանողներ:
Դասընթացը, Վ. Գրիգորյանի տեղեկացմամբ, փորձնական բնույթ էր կրում: «Հետագայում նախատեսվում են նմանաբնույթ դասընթացների ընդլայնում, ինչպես նաև այլ բնույթի դասընթացների մեկնարկ»,- նշեց Վահագն Գրիգորյանը:
Ողջունելով դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ ֆակուլտետում տեսական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարևոր է գործնական գիտելիքների ամրապնդումը: «Այս ծրագիրը տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու շատ կարևոր ու նպատակային օրինակներից մեկն է: Շատ կարևոր է, որ այն ոչ թե ժամանակավոր բնույթ կրի, այլ լինի շարունակական»,- ընդգծեց դեկանը:
Միջոցառումն ավարտվեց դասընթացներին մասնակցած ուսանողների վկայագրերի հանձնմամբ: