- Գլխավոր
- Նորություններ
- 2018 Թ. ԳԱՐՆԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ
Փետրվար 22, 2019 | 17:54
Գիտություն
2018 Թ. ԳԱՐՆԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ
ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Վերլուծական տեղեկագիր» հանդեսի նոր՝ «2018 թ. իրադարձությունները Հայաստանում. ցանցային մտածողություն» խորագրով հատորի շնորհանդես-քննարկումը:
«Վերլուծական տեղեկագիր» հանդեսում է, որ պարբերաբար հրատարակվում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքները: Հանդեսի նոր լուսընծայված հատորը կրում է «2018 թ. իրադարձությունները Հայաստանում. ցանցային մտածողություն» խորագիրը, որում ամփոփված են 8 հոդվածներ:
Միջոցառման սկզբում ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ այս վերլուծականը բավականին կարևոր նշանակություն ունի. «Այն նվիրված է համայնքների արձագանքին՝ կապված այն իրադարձություններին և խնդիրներին, որոնք տեղի ունեցան Հայաստանում անցած գարնանը»:
Կենտրոնի ղեկավարը փաստեց, որ ժողովածուում ներառված հոդվածներից երեքը տեսական են, իսկ մնացածը՝ նյութի ուսումնասիրություններ. «Տեղեկատվությունը հիմնականում համացանցի միջոցով է հավաքագրվել, շատ դեպքերում տեսազանգերի օգնությամբ հարցազրույցներ են անցկացվել: Այդ ստացված տեղեկատվության վերլուծությունն էլ արտացոլված է ժողովածուում»:
Այնուհետև կենտրոնի կրտսեր գիտաշխատող, պարբերականի խմբագրակազմի անդամ Աննա Գևորգյանն անդրադարձավ տպագրված նոր հատորում տեղ գտած հոդվածներին և դրանց հարցադրումներին՝ նշելով, որ հարցին, թե ինչու է ուսումնասիրված նյութը կարևոր, պատասխանում է համարի առաջին հոդվածը:
«Դավիթ Հովհաննիսյանի հեղինակած հոդվածում, որը հեղինակի կարդացած դասախոսության սղագրությունն է, նշվում է, որ այժմ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեր «հիմա»-ն գնահատվում է որպես «ինֆորմացիոն շոկի դարաշրջան»: Այժմ տեղեկատվության ծավալն այնքան շատ է, որ դրա զտումը չափազանց մեծ ճիգեր է պահանջում: Այս ժամանակաշրջանում ավելի է կարևորվում ցանցերի և ցանցապետությունների համատեքստը»,- պարզաբանեց Աննա Գևորգյանը:
Նրա հավաստմամբ, հոդվածագիրն առաջ է քաշում մի տեսություն, որի համաձայն՝ ցանցերը կարելի է բաժանել երեք տիպի. տեքստ և կենտրոն ունեցող ցանցեր, միայն կենտրոն ունեցող ցանցեր և միայն տեքստ ունեցող ցանցեր:
«Եթե նշված տեսանկյունից նայենք հայերին և Հայաստանին, հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք տեղավորել երևույթները ցանցի, ցանցայնության ու ցանցապետության համատեքստում: Ո՞րն է տեքստ, ո՞րն է կենտրոնը: Եթե այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան անցած տարվա գարնանը և որոշակի փոփոխություն մտցրին տեքստի մեջ, ապա ինչպե՞ս են արձագանքել ցանցի մյուս հատվածները: Մեզ համար հետաքրքրական էր, թե ինչպես են ցանցի այդ մյուս հատվածները վերաիմաստավորել կապերը կենտրոնի հետ»,- ասաց կենտրոնի գիտաշխատողը:
Ժողովածուում ներառված տեսական հաջորդ հոդվածում, որի հեղինակը Նվարդ Մանասյանն է, քննարկվում է օրենքից դուրս (մասնավորապես օրինազանց) գտնվող հաղորդակցության տեսակները սոցիալական խմբերում և դրանց ազդեցությունը հաղորդակցության մյուս տեսակների վրա՝ առաջնորդվելով Հեյդերի հավասարակշռության տեսության ու դրա հիման վրա իրականացված փորձարարական հաշվարկների վրա, ինչպես նաև փորձում ուրվագծել հնարավոր լուծումներ:
Իսկ ահա Նունե Դիլանյանի հեղինակած տեսական հոդվածում անդրադարձ է կատարվում 21-րդ դարի ցանցային կրթությանը, դրա մարտահրավերներին և հնարավորություններին:
Ժողովածուում ներառված մյուս հոդվածներում ներկայացված են արդեն Մոսկվայի հայերի, Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի, Իրանի և իրանահայերի, ֆրանսահայերի և ամերիկահայերի արձագանքների վերլուծությունները, որոնք, ըստ հոդվածագիրների, բազմաթիվ նոր հարցադրումներ են առաջ քաշում:
Տեղեկացնենք, որ նոր ժողովածուն նախատեսված է քաղաքագետների‚ մշակութաբանների‚ սոցիոլոգների‚ ազգագրագետների‚ հայագետների, արևելագիտական, պատմական և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:
Քնար Միսակյան