- Գլխավոր
- Նորություններ
- ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ապրիլ 23, 2019 | 17:08
Կրթություն
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալսարանում այսօր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց «Փաստերի ստուգման ուղեցույցը»։
Հանրային լրագրության ակումբի կողմից ստեղծված ուղեցույցը պատրաստվել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագծի շրջանակում։ Դրա նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։
Հանդիպման սկզբում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց փաստերի ստուգման մշակույթի զարգացմանը միտված գործընթացը, որը սկսվել է մեզնում: «Այն կնպաստի ապատեղեկատվության նվազեցմանը և կբարելավի լրագրողական աշխատանքի որակը»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի ղեկավար Գայանե Միրզոյանը փաստեց, որ ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ, որոնցից մեկն ուղեցույցի ստեղծումն էր. «Բացի դրանից՝ մենք կազմակերպել ենք սեմինարներ լրագրողների համար և տրամադրել դրամաշնորհներ այն լրագրողներին, որոնք փաստերի ստուգման հիման վրա գրել են նյութեր»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Փաստերի ստուգման» ուղեցույցի հեղինակ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ձեռնարկի ստեղծումն այսօր շատ կարևոր էր՝ փաստելով, որ խնդիրը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Փորձագետի հավաստմամբ, ապատեղեկատվություն և սուտ տարածելու մի քանի մեթոդներ կան այսօր. «Դրանցից մեկը բամբասանքն է, որն այսօր ինստիտուցիոնալացվել է: Յուրաքանչյուր ոք այսօր կարող է սոցիալական ցանցերում հրապարակել ապատեղեկատվություն, ինչը տարածվում է լրատվական կայքերի միջոցով»:
Սամվել Մարտիրոսյանը ուղեցույցում ներկայացրել է փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները, որոնք վերաբերվում են խորացված որոնմանը, լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ տեղեկատվության, սոցցանցերում տեղադրված տեղեկության աղբյուրների ճշգրտման, տեղանքի ուսումնասիրման և այլ ոլորտներին։
«Washington Post»-ի տարածաշրջանային փորձնակ, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի փորձագետ Հարություն Ծատրյանը փաստեց, որ փաստերի ստուգման այսօրինակ ձեռնարկ ունենալն առաջին հերթին կարևոր է կարողությունները զարգացնելու առումով. «Պրակտիկ ժուռնալիստիկայում քիչ են դեպքերը, երբ ձեռքի տակ լինում է հուշարար, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում արագորեն սովորելու և կիրառելու պահանջվող գործիքները»:
Հարություն Ծատրյանը, որը նաև դասախոսում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, պատմեց, որ ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարների ընթացքում պարզ դարձավ, որ գործող լրագրողների շրջանում տարածված է փաստերի ստուգումը կապել ակնարկի կամ ռեպորտաժի հետ. «Փաստերի ստուգումն իրականում խաղի կանոններ է ենթադրում, որոնք այսօր պահանջում են տարբերակել ստուգված տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, ճշտել, թե իրական է արդյոք տեղեկատվության աղբյուրը, թե ոչ, և արդյոք հավաստի է նրա տրամադրած տեղեկատվությունը»:
Նրա փոխանցմամբ, փաստերի ստուգումը լրագրողների աշխատանքի հիմնական գործառույթներից մեկն է. «Համացանցում հնարավոր ապատեղեկատվության տարածումն ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում, բայց մյուս կողմից էլ հենց համացանցն էլ թույլ է տալիս ստանալ ահռելի քանակի տեղեկատվություն, որը ստուգում է պահանջում։ Ցանցային տեղեկատվության ստուգման համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ և հնարքներ, որոնք էլ ներկայացված են ուղեցույցում»։
Մեզ հետ զրույցում Հարություն Ծատրյանը նշեց, որ ձեռնարկն օգտակար կլինի ինչպես սկսնակ լրագրողների և ուսանողների համար, այնպես էլ գործող մասնագետների և առհասարակ առցանց տեղեկությունների յուրաքանչյուր սպառողի համար։
Քնար Միսակյան