- Գլխավոր
- Նորություններ
- «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹՈՒՐՔԱԳԵՏ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԹԱՆԿ Է». ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 07, 2019 | 16:52
Հասարակություն
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹՈՒՐՔԱԳԵՏ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԹԱՆԿ Է». ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսու անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և ստամբուլահայ գործիչ, բարերար Տիգրան Ալթունը, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ի դեպ, Տիգրան Ալթունը ստանձնեց գրքի հաջորդ հրատարակության հովանավորությունը:
Նշենք, որ դասագրքի վրա աշխատել է տարբեր սերունդների թուրքագետների մեծ թիմ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմ. գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյան, թուրքագետներ Հակոբ Չաքրյան, Արթուր Դումանյան և Վարուժան Գեղամյան:
Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը. «Այս գիրքն ունի առանձնահատուկ նշանակություն: Պատմության և հայ իրականության մեջ առաջին անգամ նման ընդգրկմամբ է ներկայացված Թուրքիայի Հանրապետության պատմությունը՝ սկսած 1918 թվականից մինչև 2018 թվականը: Գիրքը հրատարակվել է 4 տարի առաջ, հիմա մենք ներկայացնում ենք լրամշակված տարբերակը: Առաջին անգամ հայերեն ներկայացված է այն կարևոր իրադարձությունների շղթան, որը պայմանավորել է 20-21-րդ դարերի Թուրքիայի պատմությունը և այն վիճակը, որն այսօր ստեղծվել է այդ երկրում: Հատուկ կարևորություն է տրվել Թուրքիայում բնակվող հայության գոյատևման պատմությանը»,- փաստեց պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց նաև, որ գիրքը տպագրվել է ամերիկահայ բարերար Ժիրայր Նշանյանի և նրա անվան հիմնադրամի հովանավորությամբ:
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, վերհիշելով իր ուսանողական տարիները, նշեց, որ ապրել են երկակի իրականության մեջ, երբ դասախոսները ներկայացնում էին Թուրքիայի պատմության հոգևոր-մշակութային կյանքի իրական պատկերը, իսկ դասագրքերում այլ բան էր, քանի որ դրանք ռուսերեն էին և հրատարակված էին Մոսկվայում:
«Մենք ճշմարտությունն իմանում էինք մեր ուսուցիչների բանավոր խոսքից, բայց դասագրքերում այլ բան էինք կարդում՝ Լենին-Աթաթուրք բարեկամության միֆի մասին, որի վրա և ստեղծվեց խորհրդային թուրքագիտությունը: Այն ժամանակ դժվար էր պատկերացնել՝ անկախ պետականության պայմաններում մենք մեր լեզվով կշարադրենք Թուրքիայի իրական պատմությունը»,- պատմեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս Վահրամ Տեր-Մաթևոսյանը, խոսելով թուրքագիտության մասին, նշեց. «Գիտեք՝ ֆենոմենալ բան է կատարվում Հայաստանում թուրքագիտության առնչությամբ: Չունենալով դիվանագիտական հարաբերություններ, չունենալով բաց սահման՝ այն շարունակում է մնալ երիտասարդության համար հետաքրքիր ու կարևոր ուսումնասիրության ոլորտ: Այս ոլորտի պատասխանատուները պարզապես իրավունք չունեին և չունեն անուշադրության մատնելու այդ հետաքրքրությունը, որ առկա է ուսանողների շրջանում: Կա մշտական պահանջ իրենց գիտելիքը նորոգելու և նոր հմտություններ ձեռք բերելու: Հենց այդ պահանջին է ուղղված գրքի երկրորդ հրատարակությունը»,- ընդգծեց նա:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանում թուրքագիտության կայացման մասին, ասաց. «Հայ թուրքագետ լինելը իսկապես առավելություն է, քանի որ մեր կյանքը, մեր ժողովրդի ճակատագիրը փոխկապակցված են եղել: Մենք պատմությունը տեսնում ենք թե՛ ներսից, թե՛ դրսից: Հայ թուրքագետի առաքելությունն է՝ ճշմարիտ, օբյեկտիվ պատմությունը հասցնել ընթերցողին, ուսումնասիրողին»:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ելույթում նշեց, որ այս պահին ուրիշ լեզվով չկա նման ձեռնարկ, որն ընդգրկում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի իրադարձությունները:
«Գիրքը նաև տեղեկատու է՝ համալրված Թուրքիայի վարչական բաժանումը ներկայացնող քարտեզներով, ժողովրդագրական տվյալներով, տոնացույցով, ժամանակագրությամբ, քաղաքական կուսակցությունների պատմությամբ ու քաղաքական գործիչների կենսագրություններով, որոնք հնարավորություն են տալիս հետաքրքրվողին միանգամից կողմնորոշվելու կարևոր իրադարձությունների ուսումնասիրության ժամանակ»,- ներկայացրեց Վարուժան Գեղամյանը:
Վարուժան Գեղամյանը պատմեց նաև գրքի շապիկի մասին: Ըստ նրա՝ տեքստն ամբողջանում է կազմով: Գրքի վերջին գլուխը նկարագրում է էրդողանական Թուրքիան, և շապիկի վերջին էջում նրա ստվերված պատկերն է՝ այժմ ստեղծվող գլխավոր հուշարձանի ֆոնին, իսկ շապիկի գույնը՝ նարնջագույնը, իշխող կուսակցության խորհրդանիշ-գույնն է:
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը խոսեց ֆակուլտետի դասագրքաստեղծ գործունեության մասին:
«Այսօր մեր մասնագիտական, մերձմասնագիտական և հասարակական հոլովույթում առկա է այն քննարկումը, թե որքանով են անհրաժեշտ նոր դասագրքերը, որքանով են դրանք հաջողված, և արդյոք չի կարելի ուղղակի թարգմանել դրանք: Հարցը միասնական, պարզունակ լուծում չունի: Նյուտոնի օրենքները հավասարաչափ են գործում Երևանում և Բաքվում, սակայն ակնհայտ է, որ հասարակագիտության, հայագիտության, թուրքագիտության ոլորտում կան դասագրքեր, որոնք լուրջ վերանայման կարիք ունեին և ունեն»,- ասաց պրոֆեսոր Սաֆարյանը:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, օրհնելով թուրքագետներին, ասաց. «Յուրաքանչյուր թուրքագետ մեզ համար շատ թանկ է. նրանց հետ մեծ հույսեր կապում և նրանց ապագայում որպես դեսպաններ եմ դիտարկում, հայության դեսպաններ»:
Շնորհանդեսի ավարտին շնորհավորելով ներկաներին Կանանց միջազգային օրվա առթիվ՝ ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ուսանողներին նվիրեց դասագիրքը և ծաղիկներ:
Մարի Ռաֆյան