- Գլխավոր
- Նորություններ
- «ԲՈԼՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ». ԳԵՈՐԳԻ ԾԵՐԵԹԵԼԻ
Սեպտեմբեր 12, 2018 | 16:38
Հասարակություն
«ԲՈԼՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ». ԳԵՈՐԳԻ ԾԵՐԵԹԵԼԻ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր խոսքում ասաց, որ մեծ հաճույքով է հյուրընկալվել Հայաստանի կրթական կարևորագույն հաստատությունում՝ Մայր բուհում. «Ուզում եմ շնորհավորել ձեզ ձեռքբերումների կապակցությամբ: Դուք՝ որպես կրթական ինստիտուտ, կարողացել եք ներկայիս մրցակցային պայմաններում պահպանել առաջատարի ձեր դիրքը: Վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող հպարտությամբ և մեծ հաճույքով է այստեղ սովորում: Ուրախ եմ, որ հնարավորություն է տրվել շփվելու ուսանողների հետ, ճանաչելու Հայաստանի ապագան»:
Գեորգի Ծերեթելին հանդիպման մասնակիցներին պատմեց կառույցի մասին՝ ներկայացնելով դրա կառուցվածքը, առաքելությունը և հիմնական գործունեությունը. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (Parliamentary Assembly) կազմված է մասնակից պետությունների 320 պատգամավորներից: ԵԱՀԿ այս մարմնի գլխավոր առաքելությունն է աջակցել միջխորհրդարանական երկխոսությանը»:
«Մեր հիմնական առաքելությունն է պատասխանել մարտահրավերներին, իհարկե, կառուցվածքային և համակարգված գործունեությամբ: Այդ մարտահրավերներից են նաև կոնֆլիկտները, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Մենք այն համոզմանն ենք, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասաց Գեորգի Ծերեթելին:
Ըստ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի՝ կառույցի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է նաև մարդու իրավունքների պաշտպանությունը. «Դժբախտաբար, մարդու իրավունքների վիճակն ամբողջ աշխարհում այնքան էլ լավ բարվոք չէ: ԵԱՀԿ տարածքում, որը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվաստոկ, նույնպես շատ են իրավունքների ոտնահարումները, և մենք հատուկ կոմիտեների միջոցով փորձում ենք կարգավորել խնդիրները»:
«Մեր կազմում կան երկրներ, որոնց հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Օրինակ՝ Ռուսաստանը և Վրաստանը, Հունաստանը և Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, և որոշումներ կայացնելիս երբեմն շատ դժվար է լինում հասնել կոնսեսուսի, այդ պատճառով մենք շատ ենք աշխատում վերափոխել մեր կառույցի աշխատանքները՝ հավատարիմ մնալով մեր կողմից որդեգրած սկզբունքներին»,- պարզաբանեց Գեորգի Ծերեթելին:
Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր ուղղեցին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, որոնք հիմնականում կապված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Պատասխանելով հարցերին՝ Գեորգի Ծերեթելին կրկին համոզմունք հայտնեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով. «Բայց բոլորս էլ տեսանք, թե ինչ պատահեց 2016 թվականին: Մենք շատ մտահոգված էինք, քանի որ, կարելի է ասել, զրոյացվեցին մինչ այդ գրանցած ձեռքբերումները: Բոլոր միջազգային կազմակերպությունները, հատկապես ԵԱՀԿ-ն, որն անմիջական միջնորդ է այս հարցում, ջանքեր են գործադրում, որ երկու երկրները կարողանան համաձայնության հասնել: Երբեմն մենք պետք է ստիպենք հանդիպումներ կազմակերպել՝ խաղաղ լուծման հասնելու համար: Ռազմական բոլոր միջոցների կիրառումը մենք դատապարտում ենք, մեզ համար ընդունելի չէ: Այս հարցի կարգավորման համար ձևավորվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շատ այլ մարդիկ ներգրավված են կոնֆլիկտի լուծման հարցում, բայց, ցավոք, ցանկալի արդյունք դեռևս գրանցված չէ»:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորը Գեորգի Ծերեթելիին նվիրեց Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմը:
Քնար Միսակյան