- Գլխավոր
- Նորություններ
- ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Հունվար 17, 2020 | 16:13
Գիտություն
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ:
Միջոցառմանը ներկա էին պրոֆեսոր Սեբաստիան Հայնեի կինը՝ Կիարա Ռիմինուչի Հայնեն, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով, ավանդական դարձած այս և նմանաբնույթ միջոցառումների նպատակը դասախոսներին և ուսանողներին հաղորդակից դարձնելն է արդի իրանագիտության ձեռքբերումներին:
«Զանազան պատճառներով մեր դասախոսները և ուսանողները չեն կարողանում ներկա գտնվել միջազգային հարթակներում տեղի ունեցող գիտաժողովներին, հետևաբար մենք նպատակ ունենք, ըստ էության, եվրոպական իրանագիտությունը բերելու Հայաստան»,- նշեց Վ. Ոսկանյանը:
Վերջինս ասաց, որ դասախոսությունը նվիրված է իրանագիտության կարևորագույն ճյուղերից մեկին՝ աֆղանագիտությանը. «Շահնամեները դյուցազներգական ժանրի ստեղծագործություններ են, որոնք տարածված են նաև Աֆղանստանում և վերաբերում են աֆղան ժողովրդի պայքարին, ինչպես նաև պարունակում են ժողովրդական բանահյուսության տարրեր»:
Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն ysu.am-ի հետ զրույցում նշեց, որ դասախոսությունը նվիրված է աֆղաներենով ստեղծված դյուցազներգական և ռազմական գրականությանը, որը կարևոր է իրանագիտական ձեռքբերումների տեսանկյունից, այն կենդանի լեզուներից է, ունի հսկայածավալ գրական ավանդույթ և գրական հուշարձաններ:
«Դասախոսությունը նվիրված է աֆղան-իրանական պատերազմներին, որոնց մասնակցում էին նաև հայ և վրացի զինվորականներ»,- ներկայացրեց պրոֆեսորը:
Վերջինս նշեց, որ շատ հպարտ է ԵՊՀ-ում գտնվելու և իրանագիտության դպրոցն այսքան բարձր մակարդակի վրա տեսնելու համար. «Հուսով եմ, որ թե՛ ՀՀ, թե՛ ԵՊՀ ղեկավարությունը հավուր պատշաճի ուշադրություն է դարձնում այս ամբիոնին՝ հաշվի առնելով վերջինիս ծավալած բեղմնավոր գործունեությունը»:
Վ. Ոսկանյանն էլ տեղեկացրեց, որ այս միջոցառումների շրջանակում դասախոսություններով հանդես են գալու միջազգային նշանավոր հարթակներում հայտնի դասախոսներ, որոնք խոսելու են իրանական քիչ ուսումնասիրված լեզուների և բարբառների մասին:
«Մեր հիմնական առաքելությունը Հայաստանում իրանագիտական դպրոցը կամրջի որոշակի դերակատարությամբ ներկայացնելու և այդ դերակատարությունը ստանձնելու քայլերի ամբողջությունն է: Ըստ էության մենք ստեղծում ենք հարթակ նաև իրանցի և եվրոպացի գիտնականների համար՝ միմյանց հետ հաղորդակից լինելու և գիտական ձեռքբերումներին ծանոթանալու իմաստով»,- նշեց ամբիոնի վարիչը:
Անգին Խաչատրյան