- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ Է ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
Մարտ 10, 2023 | 16:52
ԵՊՀ-ՈՒՄ Է ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Փարիզի Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի («Ecole Pratique des Hautes Etudes») Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտիեն:
Բանախոսը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսների համար անցկացրել է «Field Linguist’s toolbox» համակարգչային ծրագրի 4 դասընթաց՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց տեխնիկական հմտություններն ու գիտելիքները:
Բացի դրանից՝ պրոֆեսորը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ուսանողների համար հանդես է եկել «Ադրբեջանում խոսվող կովկասյան պարսկերենի (թաթերենի) բարբառներին» նվիրված դասախոսություններով: Ֆակուլտետում թեման ուսումնասիրվում է պատմահամեմատական մեթոդով, իսկ բանախոսը ներկայացրել է դասավանդման տիպաբանական մեթոդը, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս առավել համապարփակ պատկերացում կազմելու թեմայի վերաբերյալ:
Պրոֆեսոր Ժիլ Օտիեն, կարևորելով ուսանողների և իրանագիտության ամբիոնի գործընկերների հետաքրքրվածությունը թեմաների նկատմամբ, շեշտեց. «Երբ ուսումնասիրում ես մասնավոր ոլորտ, փորձի փոխանակման և ոլորտի խնդիրների լուծումները գտնելու հնարավորությունը համեմատաբար սահմանափակ է լինում: Այդ առումով ինձ համար շատ հաճելի է համագործակցել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի իմ գործընկերների հետ, որոնք իրենց գործի գիտակն են»:
Նշենք, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և Ժիլ Օտիեի համագործակցությունն ունի տարիների պատմություն: Նա համալսարանում բազմիցս կարդացել է դասախոսություններ, մասնակցել է գիտաժողովների ու մասնագիտական քննարկումների: Կողմերը ցանկություն ունեն շարունակելու ակադեմիական ակտիվ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրագործումը: