- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔՈՎ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՐԻՆ ԴԵՊԻ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտ 29, 2019 | 17:10
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔՈՎ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՐԻՆ ԴԵՊԻ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ «Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամները և մի շարք ուսանողներ, որոնք դժգոհում էին երրորդ լուծարքային շրջան չլինելու պատճառով, երթով գնացին ՀՀ ԿԳ նախարարություն՝ իրենց դժգոհությունը հայտնելու ԿԳ նախարարին։
«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության անդամների խոսքով, ընդունված օրենքի համաձայն, ըստ որի՝ արգելվում է երրորդ լուծարք անցկացնել, Հայաստանի տարբեր համալսարաններից մոտ 500 ուսանող դուրս է մնացել։
«Մենք այսօր իրականացնելու ենք երթ դեպի ԿԳՆ, որն ունի մեկ նպատակ՝ աջակցել այն ուսանողներին, որոնք դուրս են մնացել համալսարանից։ Բուհերից դուրս մնացած 500 ուսանողներից 170-ը համալսարանականներ են»,- ասաց «Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Մարիետա Հովհաննիսյանը։
Բողոքի ցույց իրականացնող ուսանողներն ունեն երկու դիտարկում, որոնցից մեկն ուսանողներին երրորդ լուծարք չունենալու մասին վատ իրազեկելն է, իսկ մյուսը՝ բուհերի խնդիրների լուծումը քաղաքական միջամտումներից զերծ պահելը։
«Խնդիրն այն է, որ օրենքով ընդունված երկու լուծարքային շրջանից բացի՝ լինում է, որ բուհերի ռեկտորները նամակ են գրում ԿԳՆ երրորդ լուծարքի հնարավորություն ստանալու համար, որը միշտ հաստատվում է։ Այս տարի ռեկտորների գրած դիմումները մերժվել են։ Սակայն երբ ուսանողներն անցած անգամ դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, նա պատասխանել է, որ ռեկտորների դիմումների համաձայն՝ երբեք երրորդ լուծարքային շրջան չի անցկացվել»,- ասաց ուսանողական միության անդամ, Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Դիանա Պետրոսյանը։
ԵՊՀ ուսանողները երթ իրականացրին դեպի Կրթության և գիտության նախարարություն՝ նպատակ ունենալով պարզաբանումներ ստանալ ստեղծված իրավիճակի մասին և խնդրել թույլ տալ 500 դուրս մնացած ուսանողներին մասնակցել երրորդ լուծարքային շրջանին։
ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքում նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպեց ցուցարարներին։ Նա ասաց, որ բուհն ունի ինքնավարություն, և ինքն է որոշում իր ներքին խնդիրները։
Այս և այլ հարցերի շուրջ ուսանողների խնդրանքով հարցը պարզաբանելու համար Արայիկ Հարությունյանը նրանց առաջարկեց բողոքողների շահերը ներկայացնող խումբ կազմել ու հարցը քննարկել Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի ու իրավաբանի հետ նրանց աշխատասենյակում։ Պարոն Հարությունյանի առաջարկն ընդունվեց, և ուսանողներից կազմված խումբը զրույց-քննարկում ունեցավ Ռոբերտ Սուքիասյանի հետ՝ ներկայացնելով նրան իր պահանջները։
Մի քանի ժամ տևած քննարկման ժամանակ ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց փաստարկներն ու բողոքն առ այն, որ մի քանի բուհերին տրված է երրորդ լուծարք անցկացնելու հնարավորություն, իսկ որոշներին, այդ թվում նաև ԵՊՀ-ին՝ ոչ։
Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետը խոստացավ պարզել եղելությունը, սակայն նրանց կայացրած որոշումը մնաց անփոփոխ։
«Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամները նշեցին, որ թեև որոշումը մնաց անփոփոխ, սակայն նախարարության ներկայացուցիչները խոստացան ևս մեկ անգամ անդրադառնալ առաջացած խնդրին և քննարկել այն։