- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ի ՎՐԱ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ»․«#ԵՍ_ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ_ԵՄ» ԱԿՑԻԱ, ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Փետրվար 27, 2019 | 16:41
Հասարակություն
«ԵՊՀ-Ի ՎՐԱ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ»․«#ԵՍ_ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ_ԵՄ» ԱԿՑԻԱ, ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր շարունակվում էր «#ես_համալսարանական_եմ» բողոքի ցույցը, որի ընթացքում ցույցի նախաձեռնողները փորձեցին պարզել՝ արդյո՞ք ճնշում է գործադրվում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների վրա։
PR մասնագետ, քաղտեխնոլոգ, ԵՊՀ նախկին դասախոս Նարեկ Մալյանը, որը ցույցի նախաձեռնողներից է, հավաքվածներին ասաց, որ դասական քաղաքական ճնշման մեխանիզմով փորձ է արվում տապալել ԵՊՀ-ի աշխատանքը:
Նա խոսեց Պետական վերահսկողության ծառայության կողմից կատարված հետազոտությունների մասին, որոնց հայտնաբերած չարաշահումները 800 մլն․-ից նվազել են մինչև 4 մլն-ի, ապա նշեց, որ թեև գոյություն ունի անմեղության կանխավարկած, սակայն այն չի գործում ԵՊՀ ռեկտորի և մյուսների համար։
«Մենք ընկերներով ձեռնամուխ եղանք «Ես համալսարանական եմ» նախաձեռնությանը, որն ուղղված է նախկին, ներկա և ապագա համալսարանականներին։ Նախաձեռնությունն այն մարդկանց ձայնն է, որոնց մտահոգում է համալսարանի ճակատագիրը»,- ասում է Ն․Մալյանը:
«Ես կարծում եմ, որ իսկական, առողջ հանրային կարծիքը պետք է երևա։ Ես այլևս չեմ դասավանդում, որպեսզի ինձ չմեղադրեն ԵՊՀ ռեկտորի շահերը պաշտպանելու մեջ, քանի որ այստեղ եմ աշխատում։ Ավելին՝ այս ցույցին մասնակցում են նրանք, ովքեր նախկինում դեմ են եղել Արամ Սիմոնյանի գործունեությանը»,- պարզաբանում է նախկին դասախոսը և ավելացնում,- «ԵՊՀ-ի վրա չի կարելի փորձարարություններ անել, չի կարելի գնալ քանդելու ճանապարհով։ Առավել ևս, երբ այդ մարդկանց նպատակները պիղծ են, ամենևին բարի չեն։ Ստեղծածը չի կարելի քանդել։ Բարեփոխել՝ այո, անընդհատ և ամեն օր պետք է»։
«#ես_համալսարանական_եմ» բողոքի ցույցի երկրորդ օրը նախաձեռնության անդամները որոշեցին շրջել ԵՊՀ-ում ու Հոգաբարձուների խորհրդի անդամներին տալ երկու հարց, թե արդյո՞ք նրանց վրա գործադրվել է ճնշում Կրթության և գիտության նախարարի կողմից, և ի՞նչն է պատճառը, որ 20 օր առաջ ԵՊՀ ռեկտորի աշխատանքը դրական գնահատած մարդիկ 20 օր հետո նախաձեռնում են անվստահություն հայտնելու գործընթաց։
Նախաձեռնության կազմակերպիչները փորձեցին գտնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ Գևորգ Հաջյանին, Ռուբեն Հարությունյանին և Մարգարիտա Ապրեսյանին այս հարցերի պատասխանները ճշտելու համար, բայց վերջիններս իրենց աշխատասենյակում չէին։
Նարեկ Մալյանն ասաց, որ թեև այսօր չհանդիպեց նրանց ու չստացավ իր հարցերի պատասխանները, սակայն վաղը Հոգաբարձուների խորհրդի նիստը լավ առիթ է նրանց
հանդիպելու։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պարոն Մալյանը որևէ միտում է տեսնում այստեղ, վերջինս դրական է պատասխանում. «Ես տեսնում եմ մեր ամենալավ բուհական համակարգը քանդելու միտում։ Միտում՝ այստեղ սերմանելու ապազգային սխալ, քայքայիչ գործունեություն։ Դրա համար մարդիկ գումարներ են ստանում դրսի ֆոնդերից»։
Խոսելով ուսանողներին այս ցույցին ներգրավելու մասին՝ նա ասաց, որ չի ցանկանում որևէ ուսանողի կտրել դասապրոցեսից, քանի որ նրանք այստեղ են եկել ուսանելու, ոչ թե քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։
«#ես_համալսարանական_եմ» բողոքի ցույցի երկրորդ օրվա ավարտին կազմակերպիչն ասաց, որ վաղը՝ ժամը 10-ից, լինելու է ԵՊՀ-ում ու թե՛ նիստից առաջ, թե՛ նիստից հետո փորձելու է իրեն հուզող հարցերը տալ խորհրդի անդամներին։