- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ EXPO». ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԹԱԿ
Մայիս 17, 2019 | 16:17
Հասարակություն
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ EXPO». ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԹԱԿ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր 10-րդ անգամ անցկացվեց «Հոգեբանական վերնիսաժ EXPO» ցուցահանդեսը:
Տարիներ առաջ, երբ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը նախաձեռնեց հոգեբանական վերնիսաժը, այն ներֆակուլտետային բնույթ էր կրում: Ժամանակի հետ դարձավ մինչհամալսարանական, իսկ այս տարի այն ընդգրկվել է ԵՊՀ 100-ամյակի նվիրված միջոցառումների շարքում:
Ցուցահանդեսի նպատակներն են հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տարբեր մասնագիտացումներով ուսանողներին տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Միջոցառումը նպաստում է ՀՀ-ում հոգեբանական ոլորտի զարգացմանը և մասնագիտական շփումների ընդլայնմանը, ուսանող-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:
«Հոգեբանական վերնիսաժ EXPO»-ն մեկ վայրում էր հավաքել ոչ միայն Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին, այլև հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող 15 կազմակերպություններին, կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին և ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչներին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ այս ցուցահանդեսը ոչ միայն նպաստում է ֆակուլտետի շրջանավարտներին աշխատատեղերով ապահովմանը, այլև մասնագիտական հաղորդակցման դաշտ է ստեղծում. «Հոգեբանության առջև բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան ծառացած, որոնք, իհարկե, լուծումներ պետք է ստանան հոգեբանների միահամուռ ջանքերի և փոխհամագործակցության շնորհիվ»:
Ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանն էլ տեղեկացրեց, որ «Հոգեբանական վերնիսաժ EXPO» ցուցահանդեսի ծրագրավորման ողջ աշխատանքներն իրականացրել են Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները. «Ցուցահանդեսը յուրօրինակ նախագիծ է, որի շնորհիվ ուսանողները յուրացնում են դասընթացը, և որպես աշխատանքի վերջնարդյունք ՝ ստանում 6 կրեդիտ»:
Ասրիյանի համոզմամբ, այս ցուցահանդեսը նաև հնարավորություն է ընձեռնում շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ, հասկանալու աշխատաշուկայում առկա խնդիրները և պահանջները:
Ցուցահանդեսում «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը ներկայացնող Թագուհի Շամիլյանը նշեց, որ կենտրոնի նպատակն է ապահովել արհեստավարժ կրթական աջակցություն և դասընթացներ ներառական կրթության և բուժական մանկավարժության դաշտի մասնագետների համար: Նրանք ներկայացնում էին ներառական կրթության և բուժական մանկավարժության ոլորտի մասնագետների՝ վաճառքի ենթակա ձեռագործ աշխատանքները:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման և հոգեբանության ամբիոնի մագիստրոս Լիլիթ Բդոյանը ներկայացնում էր ամբիոնի դասախոսների գրքերը, ինչպես նաև ակադեմիայում առկա նոր մագիստրոսական ծրագրերը:
Իսկ ցուցահանդեսի ավարտին հանդես եկան ԵՊՀ այն շրջանավարտները, որոնք աշխատաշուկայում ունեին որոշակի փորձ և գործնական գիտելիքներ: Նրանք իրենց մասնագիտական և գործնական հմտությունները փոխանցեցին ֆակուլտետի ուսանողներին:
Անգին Խաչատրյան