- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ». ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԻՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Նոյեմբեր 21, 2018 | 17:56
«ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ». ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԻՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում տեղեկատվական պայքարի մասնագետ, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանի հետ:
ԵՊՀ ՈւԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը սկսում է «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարք, որի նպատակն է փոխել պատերազմի էության վերաբերյալ հասկացությունները:
Այսօրվա հանդիպման թեման էր «Պատերազմի դասեր. հոգեբանական պատերազմներ», որի հիմնական նպատակն էր պարզաբանել, թե ինչպես են հոգեբանական գործոնները հաճախ հաղթանակի գրավական դառնում:
«Մեզ հաճախ թվում է, թե պատերազմում ունեցած հաղթանակը հզոր ուժի արդյունք է, մինչդեռ իրականում հաղթանակն ապահովում են պատերազմի չերևացող կողմում մշակված և հաշվարկված մարտավարությունները»,- նշեց Իվան Պողոսյանը:
Բանախոսը ելույթը սկսեց հին աշխարհի մարտավարական օրինակներով՝ ներկայացնելով «Իլիական» և «Ոդիսական» գրքերից հատկանշական հատվածներ, այնուհետև անդրադարձավ ժամանակակից, այդ թվում՝ ինֆորմացիոն պատերազմներին:
«Նախ պետք է նշեմ, որ որոշակի թյուրըմբռնում է առաջանում, երբ մենք «ինֆորմացիան» «տեղեկատվություն» են անվանում, քանի որ «տեղեկատվությունը» բուն գործընթացն է, մինչդեռ այն, ինչ մենք փոխանցում ենք, կարող ենք կա՛մ «տեղեկություն», կա՛մ «տեղեկույթ» անվանել»:
Բանախոսը խոսեց նաև «ինֆորմացիոն տարածք» հասկացության մասին, որը չպետք է շփոթել ինֆորմացիոն դաշտի հետ:
«Ինֆորմացիոն դաշտը ներգործություն ապահովող դաշտն է, մինչդեռ ինֆորմացիոն տարածքն իր մեջ ընդգրկում է ինֆորմացիայի աղբյուրը, ուղին, նպատակային լսարանը, ինֆորմացիայի ներկայացման ձևերը, միջոցներն ու սկզբունքները, ինչպես նաև հաղորդակցային հանգույցները»,- պարզաբանում է Իվան Պողոսյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Ղարաբաղյան պատերազմին, պատմեց հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի սխրանքների մասին, խոսեց պատերազմական իրավիճակներում զինվորների հոգեբանության դրսևորումներից:
«Այն, ինչ անվանում են հայրենասիրություն, պատերազմի դաշտում չի գործում, այնտեղ գործում են պարզ, մարդկային փոխհարաբերությունները և վստահությունը, որ զինվորը տիրապետում է զենքին, իրավիճակին»,- նշեց հյուրը:
Վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին Իվան Պողոսյանին հետարքրքիր դասախոսության համար, իսկ կազմակերպիչները նրան նվիրեցին Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող գիրք:
Անի Պողոսյան