- Գլխավոր
- Նորություններ
- PR ՄԱՍՆԱԳԵՏԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐՎԻ ԻՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԳՈՐԾԵԼԱՈՃՈՎ. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հունիս 12, 2019 | 17:57
Կրթություն
PR ՄԱՍՆԱԳԵՏԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐՎԻ ԻՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԳՈՐԾԵԼԱՈՃՈՎ. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողներն այսօր յուրօրինակ քննությամբ են ամփոփել ուսումնական տարին:
Ուսանողները, օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, ներկայացրին «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի PR արշավի սեփական տարբերակները:
Քննությանը ներկա էր նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
«Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աստղիկ Ավետիսյանը կարևորեց հատկապես այն, որ քննության համար ուսանողները կատարել էին ծավալուն հետազոտական աշխատանք:
Մեզ հետ զրույցում Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ այս մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս մեկտեղելու ուղերձների ձևակերպումը և ստեղծագործ մոտեցումները:
«Այն դիմորդները, որոնք ընտրում են մեր մագիստրոսական ծրագիրը, ունեն մեկ կարևոր ակնկալիք՝ աշխատաշուկայում դառնալ մրցունակ»,- շեշտեց Աստղիկ Ավետիսյանը:
Նրա խոսքով PR ռազմավարությունը մշակելիս կարող են գործիք դառնալ գիտելիքները բոլոր մասնագիտություններից:
«PR մասնագետը պետք է տարբերվի իր մտածողությամբ և գործելաոճով և ինչքան հետաքրքիր հնարքներ կիրառի իր աշխատանքում, այնքան բովանդակահեն ուշադրություն կհրավիրի իր աշխատանքին»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը:
Որպես մագիստրոսական ծրագրի վերջնարդյունք՝ ուսանողը տիրապետում է PR մասնագետի հմտություններին և կատարում է իր վստահ քայլերն աշխատաշուկայում:
Աստղիկ Ավետիսյանը հավելեց նաև, որ դեռևս անցած տարվա կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն ավարտած ուսանողների մոտ 80 տոկոսը ծավալում է մասնագիտական գործունեություն:
«Մագիստրոսական ծրագրի շրջանակում այս տարի ևս հրավիրյալ դասախոսների այնպիսի ցանկ ենք ձևավորել, որոնք, չնայած իրենց գերզբաղվածությանը, համաձայնել են իրենց մասնագիտական հմտություններն ու փորձը փոխանցել ուսանողներին»,- հավելեց Աստղիկ Ավետիսյանը:
Անի Պողոսյան