- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է ԴԱՐՁԵԼ». ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Փետրվար 06, 2019 | 16:57
Քաղաքականություն
«ԵՊՀ-Ն ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է ԴԱՐՁԵԼ». ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Երևանի թիվ 198 դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների բնագիտական հոսքի աշակերտներն այսօր հյուրընկալվել էին ԵՊՀ ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետներում:
Բազմաբովանդակ այցի շրջանակում աշակերտները բաժանվեցին առանձին հոսքերի և շրջայց կատարեցին երեք ֆակուլտետներում, ծանոթացան ֆակուլտետների կառուցվածքին, գործունեությանը, լաբորատորիաների սարքավորումներին և գործնական փորձերով ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները:
Ֆիզիկայի ֆակուլտետում աշակերտներին դիմավորեց ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը:
Վերջինս ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, հակիրճ նկարագրությամբ անդրադարձավ ֆակուլտետի գործունեությանը, ինչպես նաև մանրամասն պատմեց ֆիզիկայի ոլորտում ակնառու նորությունների մասին. «Չկա որևէ բան, որ կապված չլինի ֆիզիկայի հետ, և չկա որևէ տեխնոլոգիա, որի հիմքում ֆիզիկան չլինի,- նշեց դեկանն ու հավելեց,- ֆիզիկոսները կարողանում են հեշտությամբ վերամասնագիտանալ: Ֆիզիկոսն ունենում է լայն աշխարհայացք և երևույթները խորազնին նկատելու մտահորիզոն»:
Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն աշակերտներին ներկայացրեց նաև հայկական զրահաբաճկոնների արտադրության մասին, որի նախագիծը մշակվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:
Թիվ 198-րդ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լյուսյա Թորոսյանն էլ փաստեց, որ այս այցերն ունեն ճանաչողական մեծ նշանակություն և կարևոր են մասնագիտության կողմնորոշման հարցում:
Կենսաբանության ֆակուլտետում աշակերտները ծանոթացան Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի պատմությանը, ուսումնասիրեցին ջրիմուռների բջջի և բուսաբանական բջջի կառուցվածքները, որոշեցին օդի աղտոտվածության աստիճանը:
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսներ Ռուզաննա Ադամյանը և Ինեսսա Էլոյանը ներկայացրին ամբիոնի գործունեությունը, իսկ աշակերտների տեսական գիտելիքներն ամրապնդվեցին գործնական փորձերով:
Աշակերտներին ուղեկցող ուսուցիչներից մեկի՝ Լուսինե Բալայանի խոսքով, ԵՊՀ-ն դարձել է իրենց դպրոցի լավագույն բարեկամը. «ԵՊՀ-ն մեր լավագույն բարեկամն է դարձել: Շնորհակալ ենք համագործակցության համար: Մեր այցերը շարունակական են լինելու և նպաստելու են աշակերտների գիտելիքների ամրապնդմանը և մասնագիտական կողմնորոշմանը»:
Քիմիայի ֆակուլտետում Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն դոցենտ Ռոբերտ Ադամյանը աշակերտների հետ իրականացրին գիտափորձեր:
Անգին Խաչատրյան