- Գլխավոր
- Նորություններ
- ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՍՏԱՑԱՆ
Նոյեմբեր 25, 2022 | 11:56
Կրթություն
Հասարակություն
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՍՏԱՑԱՆ
Երևանի Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ՝ զարգացնելու իրենց պատկերացումները՝ կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնելու բնության մեջ և մարդու կյանքում կենդանի օրգանիզմների դերի և նշանակության մասին գիտելիքները:
Մարդու և կենդանիների ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված այցի ժամանակ աշակերտները շրջեցին կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնների տարբեր լաբորատորիաներով:
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտներ Աստղիկ Պողոսյանը, Նարինե Զաքարյանը և ավագ լաբորանտ Ռուզաննա Մաթևոսյանն աշակերտների և կենսաբանության ուսուցչուհի Նազելի Արզումանյանի հետ խոսեցին ստորակարգ բույսերի և սնկերի կարևորագույն ներկայացուցիչների կենսաբանական առանձնահատկությունների և նրանց գործնական նշանակության մասին: Աշակերտները մանրադիտակի միջոցով ուսումնասիրեցին մանրէների, կենդանիների, բույսերի և սնկերի տարբեր բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները:
Կենդանաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը մանրամասն ներկայացրեց անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր ներկայացուցիչներին՝ խոսելով դրանց տարածվածության և մարդու կյանքում ունեցած նշանակության մասին:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Մարգարյանը ներկայացրեց մանրէների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, ինչպես նաև մանրէաբանական հետազոտությունների պարզագույն մեթոդները:
«Կարծում եմ՝ աշակերտները մեծ բավականություն ստացան այս այցից: Սա մեր առաջին այցն էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, և նրանց համար շատ հետաքրքիր էր: Համոզված եմ, որ մեր այցելությունները պարբերական բնույթ կունենան, ինչը շատ կարևոր է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից»,- ասաց Նազելի Արզումանյանը:
Աշակերտուհի Ալեքսանդրա Կարապետյանը, խոսելով իր տպավորությունների մասին, ասաց. «Ուսումնասիրելով կենսաբանության ֆակուլտետի տարբեր ամբիոններում կատարվող աշխատանքները՝ կենսաբանության հանդեպ հետաքրքրությունս ավելացավ։ Միշտ սիրել եմ կենսաբանությունը, իսկ այս այցից հետո է՛լ ավելի սիրեցի այն»:
Նշենք, որ ԵՊՀ-ում հաճախ են կազմակերպվում այսօրինակ այցեր՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշման և գիտության հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելու նպատակով։