- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվար 27, 2019 | 16:58
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի թիվ 16 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ, տեխ. գիտ. թեկնածու Գևորգ Մանուկյանը և նույն ամբիոնի դասախոս Արմինե Վարդանյանն աշակերտներին հյուրընկալեցին ամբիոնի համակարգչային լաբորատորիայում:
Արմինե Վարդանյանն աշակերտներին պատմեց ֆակուլտետի պատմության, դասավանդվող մասնագիտական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների մասին:
Գևորգ Մանուկյանն աշակերտներին ներկայացրեց ամբիոնում առկա ժամանակակից գեոդեզիական սարքավորումների՝ էլեկտրոնային տախեոմտրի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը:
ԵՊՀ ասիստենտն աշակերտներին ծանոթացրեց կադաստրի համակարգի կառուցվածքը, գործառույթները, անշարժ գույքի հաշվառման, գրանցման, գնահատման և տվյալների բազայի ստեղծման ոլորտներին առնչվող մասնագիտական գործընթացները:
Դասախոսներն աշակերտներին ծանոթացրեցին ամբիոնում ուսուցանվող ժամանակակից համակարգչային ծրագրերին, որոնց միջոցով կազմվում են քարտեզներ, հատակագծեր, պրոֆիլներ, ինչպես նաև տվյալների բազաներ:
Գևորգ Մանուկյանը նաև աշակերտներին ներկայացրեց քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտության նրբությունները, որոնց մասին նրանք դպրոցում չեն կարող տեղեկատվություն ստանալ: «Նմանաօրինակ հանդիպումները նպաստում են, որպեսզի դիմորդը մինչ բուհ ընդունվելը պատկերացում կազմի իր ընտրած մասնագիտության վերաբերյալ և գիտակցված կատարի իր ընտրությունը: Այսօր քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտությանն իրազեկ մասնագետների մեծ պահանջարկ կա աշխատաշուկայում, իսկ աշակերտների մեծ մասն այդ մասին տեղյակ չէ»,- ասաց նա:
Նշենք, որ աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան