- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ N46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ- ՈՒՄ
Նոյեմբեր 26, 2018 | 17:40
Հասարակություն
ԵՐԵՎԱՆԻ N46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ- ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնն այսօր հյուրնկալել էր Երևանի N46 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանի աշակերտներին:
Այցելությունը սկսվեց ԵՊՀ պատմության թանգարանից: Թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն ապագա ուսանողներին պատմեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, ներկայացրեց հետաքրքիր փաստեր համալսարանի մասին, ինչպես նաև աշակերտներին ծանոթացրեց այն համալսարանականներին, որոնք մեծ ներդրում են ունեցել Արցախյան գոյամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Ավագ դպրոցի աշակերտները հերթով անցան թանգարանի սրահներով, ուսումնասիրեցին պատմական այն փաստաթղթերը, որոնք կարևոր դեր են ունեցել բուհի կայացման արդեն հարյուրամյա գործընթացում:
Այնուհետև աշակերտներին հյուրնկալեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:
Վերջինս նախ ողջունեց ապագա ուսանողներին, այնուհետև կարճ ներկայացրեց ամբիոնի պատմությունն ու մասնագիտացումը:
«Պետք է նշեմ, որ մեր ամբիոնի առավելություններից մեկն այն է, որ մենք պատրաստում ենք բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք կարողանում են շատ արագ կողմնորոշվել ժամանակակից աշխատաշուկայում և պահանջարկ ունենալ ամենատարբեր ոլորտներում»,- նշեց Գարիկ Քեռյանը:
Վերջինիս խոսքերով, ապագա ուսանողը պետք է հասկանա, որ հենց այսօրվանից պետք է սկսի լավ ուսումնասիրել պատմությունն ու օտար լեզուները: Այս առարկաները հետագայում իրենց կօգնեն դառնալ ինչպես բուհի ուսանող, այնպես էլ պահանջարկ ունեցող մասնագետ:
«Նմանատիպ շրջայցերը շատ կարևոր են առաջին հերթին աշակերտների համար: Այսօրինակ այցելությունները մասնագիտության հարցում կողմնորոշվելու հիանալի հնարավորություն են, քանի որ աշակերտը գիտակցված է կատարում իր մասնագիտության ընտրությունը»,- վերջում հավելեց Գարիկ Քեռյանը:
Անի Պողոսյան