- Գլխավոր
- Նորություններ
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Նոյեմբեր 22, 2018 | 12:39
Կրթություն
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նոյեմբերի 21-ին ներկայացրեց ֆակուլտետի անցած ուստարվա հաշվետվությունը և խոսեց նոր ամբիոն հիմնելու անհրաժեշտության մասին։
Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը պարոն Սարգսյանը սկսեց ողջույնի խոսքով։ Նա որոշակի տվյալներով անդրադարձավ նախորդ ուստարվա ընդհանուր նկարագրին, խոսեց նոր մասնագիտության՝ Կառավարում և ֆինանսներ բաժնի արդիականության, ինչպես նաև թվով 10 մագիստրոսական նոր ծրագրերի՝ հատկապես նշելով Տվյալագիտությունը բիզնեսում ծրագրի գրանցած հաջողությունների մասին, ներկայացրեց ուսումնական և գիտական գործունեությունը՝ նշելով ոչ միայն ձեռքբերումները, այլև բացթողումները:
«Եթե չկա զարգացում, և մենք շարունակում ենք նույն տեխնոլոգիաներով, նույն բովանդակությամբ կազմակերպել կրթական գործընթացը, ապա նոր ձեռքբերումներ ունենալ չենք կարող։ Այսօր ես խոսելու եմ այս վերջին շրջանում զարգացման, դրական փոփոխությունների և նոր մարտահրավերների մասին»։
Պարոն Սարգսյանը ներկաներին հայտնեց, որ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ձեռնամուխ է եղել ստեղծելու Նորարարությունների տնտեսագիտություն անվանմամբ նոր ամբիոն. «Մենք այս հարցը քննարկել ենք ինչպես ֆակուլտետի, այնպես էլ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերում, այժմ սպասում ենք Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»:
Ֆակուլտետի գործունեության ընդհանուր գնահատականին ու պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության բարձրաձայնած խնդիրներին անդրադարձավ նաև նիստին ներկա ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։
Նիստը եզրափակվեց քվեարկությամբ, որի արդյունքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ․ Սարգսյանի հաշվետվությունը գնահատվեց դրական։
Մարինա Առաքելյան