- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱԱՐԼԱՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոկտեմբեր 01, 2018 | 16:21
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱԱՐԼԱՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Այսօր Գերմանիայի Սաարլանդի համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող Եկատերինա Քլուհը «Erasmus+» ծրագրի շրջանակում այցելել էր համալսարան:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Եկատերինա Քլուհը համալսարանականներին և դասախոսներին ներկայացրեց Սաարլանդի համալսարանի միջազգային ծրագրերը, ինչպես նաև «Erasmus+» ծրագրին դիմելու ձևերը, նպատակն ու փոխանակման ծրագրի արդյունավետությունը:
Եկատերինա Քլուհը նշեց, որ Սաարլանդի համալսարանը «Erasmus+» ծրագրի ակտիվ մասնակից է: «ԵՊՀ-ի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որն այսօր էլ ակտիվորեն շարունակվում է»,- ասաց նա:
Նշենք, որ անցյալ տարի ԵՊՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դոցենտներ ուսանել ու գործնական պարապմունքներ են անցկացրել Սաարլանդի համալսարանում, իսկ այս տարի գործընկեր համալսարան են մեկնել 4 ուսանող և երկու ասպիրանտ:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն վարիչ Արմեն Թռչունյանը, կարևորելով «Erasmus+»-ի շրջանակում դասախոսների ու ուսանողների փոխայցելությունները, նշեց, որ փոխանակման ծրագիրը շատ կարևոր է համատեղ աշխատանքների մշակման և իրականացման համար:
Արմեն Թռչունյանի խոսքով, փոխգործակցության լավագույն դրսևորում կարող է լինել կրկնակի դիպլոմների կրթական ծրագրերի իրականացումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան