- Գլխավոր
- Նորություններ
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Մայիս 07, 2019 | 11:07
Գիտություն
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատվիրակությունն ապրիլի 21-ից երկշաբաթյա այցով մեկնել էր ԱՄՆ-ի Սան Խոսե քաղաք՝ քննարկելու Սան Խոսեի պետական համալսարանի (ՍԽՊՀ) հետ հնարավոր համագործակցության ուղիները:
Պատվիրակության կազմում էին «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, տնտես. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, տվյալ ծրագրի հինգ մագիստրանտներ և ֆակուլտետի դեկանի տեղակալ տնտես. գիտ. թեկնածու, դոցենտ Կարեն Եղոյանը:
Նշենք, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը հիմնվել է 2017 թ. սեպտեմբերին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) համատեղ ջանքերով: Ծրագրի ուսումնական պլանը հիմնված է IBM-ի կողմից մշակված մոտեցումների վրա:
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ, որոնք կարող են կիրառել վերլուծական, մոդելավորման և ծրագրավորման հմտությունները բիզնես գործընթացներում:
Ըստ նախնական համաձայնության՝ 2020 թ. սեպտեմբերից ծրագրի մագիստրանտները կարող են ուսումը շարունակել ՍԽՊՀ-ի «Տվյալների վերլուծություն» ծրագրի 2-րդ կուրսում, իսկ այն հաջողությամբ ավարտելու դեպքում նրանք կստանան և՛ ԵՊՀ-ի, և՛ ՍԽՊՀ-ի դիպլոմներ:
Բացի դրանից՝ 2020 թ. փետրվարից մագիստրանտները կարող են անցնել մինչև երեք ամիս ժամկետով պրակտիկա ՍԽՊՀ-ի հետ համագործակցող ամերիկյան ընկերություններում:
Իսկ 2019 թ. սեպտեմբերից կազմակերպվելու է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսների վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակում ենթադրվում է ինչպես ՍԽՊՀ-ի դասախոսների այցելությունը ԵՊՀ՝ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով, այնպես էլ ԵՊՀ դասախոսների այցելությունները ՍԽՊՀ՝ փորձի փոխանակման և կրթական նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով:
Պատվիրակության կազմում ընդգրկված ուսանողները հնարավորություն ունեցան իրենց մագիստրոսական թեզերի շրջանակներում ստացած արդյունքները քննարկելու ՍԽՊՀ-ի դասախոսների հետ, ստանալու նրանց դիտողություններն ու առաջարկությունները:
ԵՊՀ պատվիրակությունը նաև մասնակցեց «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար կազմակերպվող մի քանի մասնագիտական սեմինարների, որոնք վարում էին ոլորտի հանրաճանաչ ընկերությունների՝ «Microsoft», «Intel», «BMC» և այլն ներկայացուցիչներ: Այցի շրջանակում համալսարանականները եղան նաև ՍԽՊՀ-ի հետ համագործակցող հայտնի մասնավոր ընկերություններում:
Մարի Ռաֆյան