- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԵՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Մարտ 01, 2019 | 12:06
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԵՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ներկայացրած «Դասական համակարգերի նկատմամբ ունիվերսալ ֆունկցիաներ» գիտական ծրագիրը:
Գիտական ծրագրի հեռանկարների և նպատակների մասին զրուցեցինք ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ՖԳՀԻ-ի գծային և ոչ գծային մոտարկումների և դրանց կիրառման լաբորատորիայի գիտական ղեկավար Մարտին Գրիգորյանի հետ:
Նա նշեց, որ տարբեր իմաստներով ունիվերսալ ֆունկցիաների գոյությանը նվիրված են հայտնի մաթեմատիկոսների շատ աշխատանքներ, որոնցում ֆունկցիաների ունիվերսալությունը դրսևորված է արգումենտի տեղաշարժերի հաջորդականության, ածանցյալ հարաբերությունների, բարձր կարգի ածանցյալների և Թեյլորի շարքերի միջոցով:
Նրա խոսքով, ունիվերսալ ֆունկցիաների և ունիվերսալ շարքերի գոյության խնդիրներով զբաղվում են Ռուսաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների հետազոտական կենտրոններում։
Հետազոտական խմբի անդամներն են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ-ի գծային և ոչ գծային մոտարկումների և դրանց կիրառման լաբորատորիայի ավագ գիտաշխատողներ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Եպիսկոպոսյանը, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Լևոն Գալոյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արթուր Կոբելյանը և ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ասիստենտ Ստեփան Սարգսյանը:
Մարտին Գրիգորյանը, ներկայացնելով գիտական թեման, նշեց, որ ֆունկցիոնալ տարբեր տարածությունների համար կառուցում և կառուցելու են այնպիսի ֆունկցիաներ, որոնց ունիվերսալությունը դրսևորվելու է տրված դասական համակարգով Ֆուրիեի գործակիցների (Ֆուրիեի շարքերի) միջոցով:
Ամբիոնի վարիչը նաև հայտնեց, որ հետազոտական խումբը նպատակադրվել է լուծել ֆունկցիոնալ տարբեր դասերի համար դասական (եռանկյունաչափական, Ուոլշի, Հաարի, Շաուդերի, Ֆրանկլինի, Վիլենկինի) համակարգերի նկատմամբ տարբեր իմաստներով ունիվերսալ ֆունկցիաների գոյությանն ու հատկություններին, ինչպես նաև կառուցվածքին առնչվող խնդիրներ:
Նրա խոսքով, ուսումնասիրվելու և լուծվելու են նաև դասական համակարգերի նկատմամբ ունիվերսալ զույգերի գոյությանն ու կառուցվածքին վերաբերող խնդիրներ: «Ծրագրում ենք լուծել վերը նշված և ընդհանուր տեսքով ձևակերպված տարողունակ խնդիրները՝ առանձնացնելով կոնկրետ համակարգը, տարածությունն ու ունիվերսալության տեսակը: Նշեմ, որ կոնկրետ առանձնացված դեպքերում մոտեցումները և ակնկալվող արդյունքները տարբերվելու են միմյանցից»,- հավելեց նա:
Նշենք, որ վերոնշյալ ուղղությամբ որոշակի հուսադրող քայլեր արդեն կատարվել են, և ստացվել են կոնկրետ արդյունքներ, որոնք արդեն տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող, հեղինակավոր մաթեմատիկական հանդեսներում:
Ի դեպ, խմբի անդամները, որոնցից 3-ը երիտասարդ ու խոստումնալից մաթեմատիկոսներ են, ակտիվ համագործակցում են ամերիկացի, գերմանացի, ռուս հայտնի մաթեմատիկոսների հետ: Նախատեսվում է, որ նախագծի վերջնարդյունքները նույնպես կտպագրվեն միջազգային հեղինակավոր ամսագրերում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան