- Գլխավոր
- Նորություններ
- «ՌԵՏՐՈ-ԵՐԵՎԱՆԸ»՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նոյեմբեր 23, 2018 | 19:54
Մշակույթ
«ՌԵՏՐՈ-ԵՐԵՎԱՆԸ»՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ռետրո-Երևան» խորագրով համերգը՝ նվիրված Էրեբունի-Երևան 2800-ամյակին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին ընդառաջ Մշակույթի կենտրոնը նախաձեռնել էր եռաշար ռետրո համերգ, որի սկիզբն ազդարարվել էր դեռ նախորդ տարի «Ճանաչված ֆիլմերի սիրված երգեր» ռետրո-համերգով:
Ռետրո համերգի գաղափարը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանինն է եղել, բեմադրող ռեժիսորը Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, իսկ իրականացնողները՝ Մշակույթի կենտրոնը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Անգլիական բանասիրության N 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը, կոմպոզիտոր, հայ ջազային երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
Խորհրդանշական ժամացույցը, պատեֆոնը, ռադիոն, ձայնարկիչը, ճանաչված արտահայտությունները հին ու սիրված հայկական ֆիլմերից ներկաներին տեղափոխել էին ռետրո միջավայր:
Մեկը մյուսին հաջորդող երգերն ու փոքրիկ բեմադրությունները կերպավորեցին 2800-ամյա Երևանն իր կյանքով ու կենցաղով, վառ ու լուսավոր գույներով:
«Երևանը մենք ենք», «Երևանի սիրուն աղջիկ», «Քեզ բարի լույս, օրդ բարի», «Հե՜յ երգիր Արաքս» և այլ երգերով Երևանը շնչավորվեց, դարձավ առարկայական ու տեսանելի ներկաների համար:
Միջոցառման ընթացքում նկարիչ Աշոտ Համբարձումյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց Երևանի մշակութային կոթողները, որոնք ցավոք «երկար ճակատագիր» չեն ունեցել. դրանք են՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, Խաչատուր Աբովյանի արձանը՝ այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, «Կազիրյոկը», Կրկեսի շենքը, «Արգիշտի» սրճարանը:
Մարտին Վարդազարյանը արդեն հնչած երգերին ավելացրեց նորերը. դահլիճը ձայնակցեց կոմպոզիտորին:
Անգին Խաչատրյան