- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՂԵԳԻՍ ԳԵՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ». ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Ապրիլ 18, 2019 | 17:13
Հասարակություն
«ԵՂԵԳԻՍ ԳԵՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ». ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որը նվիրված էր ՀՀ բնապահպանական առանցքային հիմնախնդիրներին՝ հիդրոէներգետիկայի համատեքստում:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի և ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի համատեղ ջանքերով:
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը ներկայացրեց Եղեգիս գետի այսօրվա վիճակը և խոսեց ՀՀ-ում բնապահպանական առանցքային հիմնախնդիրների մասին՝ կապված փոքր ՀԷԿ-ի շահագործման և ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման գործընթացի հետ:
Ռոման Մելիքյանի խոսքով, փոքր հիդրոէներգետիկայի հիմնախնդիրն առաջացել է բնապահպանական ոլորտում ջրերի վատ կառավարման արդյունքում: «Այս խնդրի վառ օրինակներից է Եղեգիս գետը, որը վրա տեղակայված է մոտավորապես 14 փոքր հիդրոէլեկտրակայան, որից 7-ն այսօր գտնվում են վատ պայմաններում և ունեն մի շարք խնդիրներ, քանի որ չեն կարողանում արտադրանք ստանալ: Պատկան մարմիններն այսօր այնպես են կառավարում ոլորտը, որի արդյունքում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման համակարգը հետընթաց է ապրում»,- ասաց նա և հավելեց, որ շատ խնդիրներ առաջացել են ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման արդյունքում:
Նա մտահոգություն հայտնեց, որ Եղեգիս գետը գտնվում է ճգնաժամային վիճակում: «Այսօր Սևանա լիճը չի կարողանում համալրվել համապատասխան ջրապաշարով: Հստակ սահմանված է, որ Սևան լիճը պետք է համալրվի Սպանդարյանի ջրամբարից եկող 165 մլն խմ ջրով՝ Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցով: Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը չի գործում բացման օրվանից: Այս թունելով մեկ օր անգամ ջուր չի տեղափոխվել: Դրա փոխարեն այսօր Եղեգիս գետի ջուրը շրջում են և տանում են Սևան, որի արդյունքում գետը սկսում է ցամաքել»,- ասաց Ռոման Մելիքյանը:
Ռոման Մելիքյանի խոսքով, Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի կառուցման համար հսկայական գումարներ են ծախսվել, սակայն այն չի շահագործվում: «Մինչև այժմ պատկան մարմինները հստակ չեն պատճառաբանել, թե ինչու այն չի շահագործվում, որի արդյունքում էլ գետը հայտնվել է աղետալի վիճակում»,- ընդգծեց բանախոսը և հավելեց,- «Եղեգիս գետի ջուրը չպետք շրջել Սևան, այս գետը պետք է հանգիստ թողել»:
ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի մասնագետները քննարկեցին բարձրացված հարցերը և ներկայացրին իրենց տեսակետները վերոնշյալ թեմայի վերաբերյալ:
Նշենք, որ քննարկումների արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի շահագրգիռ կողմերին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան