- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿԵՆՍԱԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ
Սեպտեմբեր 16, 2021 | 18:23
Հասարակություն
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ
Համալսարանական կրթության և գիտության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ներդրված ավանդի համար ու ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր ԵՊՀ արծաթե մեդալով է պարգևատրվել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը:
Շուրջ 200 գիտական աշխատությունների, 4 գյուտերի արտոնագրերի և 14 նորարարական առաջարկությունների հեղինակ Ռուբեն Հովհաննեսյանը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Նրա անմիջական մասնակցությամբ Հայաստանում ստեղծվել է առաջին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի համալսարանական կլինիկան: Բացի դրանից՝ պրոֆեսորը ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում հիմնադրել և ղեկավարել է Հայաստանում առաջին կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնը:
Պրոֆեսորի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթին այսօր ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գործընկերներ, հարազատներ ու ուսանողներ:
Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սամվել Վարդապետյանը, շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, ներկայացրեց Ռուբեն Հովհաննեսյանի աշխատանքային ու ստեղծագործական անցած ճանապարհը՝ փաստելով, որ նա ԵՊՀ-ում աշխատանքի է անցել 2015 թ.՝ սկզբում դասավանդելով Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության բաժնում, ապա արդեն Ֆարմացիայի ինստիտուտում:
«Ռուբեն Հովհաննեսյանը դասավանդում է «Ախտաբանական ֆիզիոլոգիա», «Ապացուցողական բժշկության հիմունքներ» և «Բիոէթիկա» առարկաները: 2017 թ. նա ընտրվել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, որը ղեկավարում է մինչ օրս: Պրոֆեսորը ԵՊՀ-ի և Ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ է»,- նշեց Սամվել Վարդապետյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որը Ֆարմացիայի ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարն է եղել, ասաց, որ Ռուբեն Հովհաննեսյանը նախևառաջ հրաշալի մարդ է, հայրենասեր անձնավորություն ու ականավոր գիտնական:
Աշոտ Սաղյանը հիշեց, որ պատերազմից հետո, երբ Ռուբեն Հովհաննեսյանի հետ մեկնել են Արցախ, ծանր ապրումներ են ունեցել. «Ռուբեն Հովհաննեսյանը հուզվում էր ամեն նկարի ու քարի նայելիս»: ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ իր համար բացահայտում է եղել պրոֆեսորի՝ որպես որդու հոգատարությունը, երբ տեսել է, թե ինչպես է խնամում իր մայրիկին. «Բացի դրանից՝ ինչ հարցով դիմենք Ռուբեն Հովհաննեսյանին, նա կանի ամեն ինչ՝ օգնելու ու աջակցելու»:
Ցերեկույթի ժամանակ Ռուբեն Հովհաննեսյանը հանդես եկավ ելույթով՝ պատմելով իր անցած ճանապարհի մասին, հիշելով դրվագներ մանկությունից, պատանեկությունից ու երիտասարդությունից, ներկայացնելով գիտական աշխատանքներն ու գաղափարները:
Որպես իր ելույթի բնաբան՝ Ռուբեն Հովհաննեսյանն ընտրել էր Մարկ Տվենի խոսքերը. «Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ծիծաղել ինքն իր վրա, հակառակ դեպքում նա կխելագարվի: Այս մասին, ցավոք, քչերը գիտեն, այդ իսկ պատճառով աշխարհում այնքան շատ են խենթերը»:
Ռուբեն Հովհաննիսյանի գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրկում է միկրոցիրկուլյացիայի հետազոտությունները անհետաձգելի վիճակների և երկարատև ճնշման համախտանիշի , արյան էքստրակորպորալ շրջանառության, ինսուլտների և գլխուղեղային վնասվածքների ժամանակը, վերջին 10 տարվա ընթացքում՝ նաև Հայաստանում ապացուցողական բժշկության ներդրման հիմնախնդիրը:
Պրոֆեսորն ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահն է, Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի գլխավոր խմբագիրը, Պաթոֆիզիոլոգների համաշխարհային ընկերության, Բժշկական ամսագրերի խմբագիրների համաշխարհային միության, ինչպես նաև Կոկրենյան համագործակցության անդամ է:
Այսօրվա ցերեկույթի ավարտին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը պարգևատրվեց ԵՊՀ արծաթե մեդալով:
Քնար Միսակյան