- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Հունիս 06, 2019 | 15:23
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Արդեն 11 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների 7-ից 9-ը տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը հիմնված է խաղային մեթոդաբանության վրա:
ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանի խոսքով, այս դասընթացների շնորհիվ երեխաների մոտ ձևավորվում է սեր ռուսերենի, ռուսական մշակույթի և գրականության հանդեպ:
«Փաստ է, որ այս կարճ ժամանակահատվածում երեխաները ռուսերենին գերազանց չեն տիրապետելու, բայց սա հնարավորություն է հաղթահարելու այդ լեզվով հաղորդակցվելու բարդույթը»,- նշեց Ա. Ներսիսյանը:
Դասընթացը մեկնարկեց երեխաների հետ ծանոթությամբ, որից հետո Ռուսական կենտրոնի տնօրենը տեսապատկերի միջոցով երեխաներին ներկայացրեց ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի կյանքը, ստեղծագործությունները և գործունեությունը:
Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ, հունիսի 6-ը ճանաչվել է Ռուսաց լեզվի միջազգային օր, քանի որ հենց այդ օրն է ծնվել ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:
Առաջին դասն անցկացվեց հետաքրքիր ձևաչափով, քանի որ այն նվիրված էր Ալ. Պուշկինի ծննդյան 220-ամյակին, նախօրոք պատրաստված էին մեծ գրողի հեքիաթների վերաբերյալ հարցեր, որոնց երեխաները պատասխանեցին:
Նշենք, որ դասընթացը տևելու է մեկ ամիս՝ մինչև հուլիսի 6-ը:
Ավելացնենք, որ ծրագրում որպես կամավորներ ընդգրկված էին նաև դասընթացի նախորդ տարիների մասնակիցները: